Վազգեն Մանուկյանը շահած դուրս եկավ ճակատից. կրկնակի հրաժարական


Վազգեն Մանուկյանը շահած դուրս եկավ ճակատից. կրկնակի հրաժարական

  • 13-11-2019 16:59:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից: Նա հայտարարել է ՀԽ-ից դուրս գալու որոշման մասին: Հայտարարության մեջ Մանուկյանը փորձում է պատասխանատվությունը դնել իշխանության վրա, ասելով, թե ինքն աշխատում ու ջանում էր հանրային համերաշխության համար, բայց իշխանությունը չգնահատեց, շարունակեց պառակտիչ գործունեությունը, եւ հիմա ինքը կպայքարի այլ ձեւով:
 
Վազգեն Մանուկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած իրեն պաշտոնանկ անելու առումով դեռեւս մի քանի ամիս լինելու է անձեռնմխելի ժամկետում, բայց հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանը իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ:
 
Ասե՞լ է Նիկոլ Փաշինյանը որեւէ բան, թե՞ ոչ: Դատելով Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունից, Փաշինյանը ոչինչ չի ասել:
 
Հնարավոր է, Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը միմյանց հասկացել են առանց խոսքի: Բոլոր դեպքերում, Հանրային խորհուրդը ինչպես ոչինչ չէր շահել Վազգեն Մանուկյանով, այդպես էլ ոչինչ չի կորցնում, թերեւս այն պարզ պատճառով, որ Հանրային խորհուրդ՝ որպես այդպիսին կենսունակ ու գործունակ կառույց, գոյություն չունի:
 
Մինչեւ հեղափոխությունն այն գոյություն չուներ, որովհետեւ ոչ լեգիտիմ իշխանության ոչ լեգիտիմ կցորդ էր, իսկ հեղափոխությունից հետո էլ գոյություն չուներ, որովհետեւ չափազանց բարդ է հեղափոխական մթնոլորտի պայմաններում լինել Հանրային խորհուրդ եւ ինչ որ դեր ունենալ:
 
Այդպիսով՝ Մանուկյանի հրաժարականով, ոչինչ չի կորցրել թե Հանրային խորհուրդը, թե Վազգեն Մանուկյանը, թե հանրությունը: Իսկ շահել է թերեւս Մանուկյանն ինքը, որքան էլ տարօրինակ չհնչի:
 
Նա ՀԽ-ից հրաժարականով փաստորեն հրաժարվեց  նաեւ նախկին իշխող համակարգի «մահապարտի» կարգավիճակից: Այդ իմաստով Մանուկյանն իհարկե ավելի փորձառու եւ հմուտ գտնվեց, ի տարբերություն Հրայր Թովմասյանի՝ խորությամբ հասկանալով, թե ինչ կարող է ձեւավորվել իր շուրջ: Մանուկյանը փաստորեն հրաժարվեց լինել նոր իշխանության դեմ բացվող «երկրորդ ճակատ», բացելով խաղաքարտերն ու հայտարարելով, որ բոլորի նման կանցնի բաց պայքարի՝ առանց այլեւայլ կամուֆլյաժների:
 
Ներկայում հարցն այն է, թե արդյոք նրա այդ պայքարը նախկին իշխող համակարգի համար կլինի նույնքան արժեքավոր կամ գին ունեցող, որքան մինչեւ հրաժարականը՝ ՀԽ նախագահի կարգավիճակում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն