Ինչպիսին են լինելու ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում


Ինչպիսին են լինելու ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում

  • 14-11-2019 15:06:11   | Հայաստան  |  Հասարակություն

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա:
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ շարունակելով.
 
«Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի՝ մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:
 
. Ըստ այդմ՝ սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես՝
 
. Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,
 
. Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),
 
. Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ,
 
. Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:
 
. Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:
 
Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ եւ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:
 
1-ին լուսանկարում Հանրապետության հրապարակի ձեւավորման էսքիզն է, ամբողջական պրեզենտացիան կներկայացնենք մոտ օրերս»,- գրել է Կարապետյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play