Տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը


Տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

  • 14-11-2019 18:01:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
 
Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարության կարևորագույն  խնդիրներից է  պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մասնավորապես  վարչարարության պարզեցումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների ավտոմատացումը և թվայնացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը։ Իսկ այս գործընթացներում մեծ է էլեկտրոնային գործիքների դերը։
 
Փոխվարչապետն ընդգծել է, որ այս համատեքստում կառավարությունը իր առջև նպատակ է դրել ապահովել նաև արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությունը, ինչն էլ իր հերթին կբերի համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Եվ դատաիրավական բարեփոխումների համապարփակ ծրագրի շրջանակներում նախաձեռնվել է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ներդնելու հավակնոտ ծրագիր, որի շրջանակներում մոտակա տարիներին նախատեսվում է թվայնացնել քրեական, վարչական ու քաղաքացիական մինչդատական և դատական ամբողջ գործընթացները։
 
Տիգրան Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով, որ արդարադատության ոլորտում  գործում են բազմաթիվ մարմիններ, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ձևավորելու հարցում առանցքային նշանակություն ունի միջգերատեսչական համագործակցային հարթակի և կառուցակարգերի ստեղծումը։  
 
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է էլեկտրոնային արդարադատության համակարգի հիմնական գաղափարը, ինչպես նաև «էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն