Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովին


Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովին

  • 18-11-2019 13:51:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
 
«Հարգելի՛ պարոն Միկուրիա,
 
Հարգելի՛ հյուրեր,
 
Տիկնայք և պարոնայք,
 
Ուրախ եմ ողջունել բոլորիդ «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» համաժողովին:
 
Հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սահուն և անխափան աշխատանքի կարևորությունը տնտեսական առաջընթացի գործում` ցանկացած ծրագիր, որն իրականացվում է կառույցում, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք նաև բարձր ենք գնահատում միջազգային կառույցների կողմից հարկային և մաքսային ծառայությունների զարգացման համար տրամադրած աջակցությունը, որոնցից մեկի` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը»  ծրագրի շրջանակներում էլ տեղի է ունենում այսօրվա համաժողովը:
 
Առևտրային գործընթացների թվայնացումը և տվյալների թվայնացված փոխանակումը մաքսային մարմինների միջև ժամանակի պահանջն է, ինչի հավուր պատշաճի իրականացումը կհանգեցնի առևտրի դյուրացմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով կառավարել առկա սահմանային ռիսկերը:
 
Այս առումով, էական է պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային երկրների մաքսային մարմինների միջև սերտ և փոխշահավետ համագործակցությունը: Պատահական չէ, որ այսօրվա համաժողովի մեկնարկը կտրվի ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի եկամուտների ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրմամբ, ինչը գալիս է հավաստելու, որ միջսահմանային համագործակցությունը վերոնշյալ ոլորտում կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների՝ ծառայելով պետության զարգացմանը և, ինչու ոչ, նաև արտաքին կապերի ամրապնդմանը:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Հայաստանի կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը: Պետական եկամուտների կոմիտեն այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ, ինչպիսիք են արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մի շարք մաքսային ընթացակարգերի ավտոմատացում, այլ գերատեսչությունների կողմից տրամադրվող մի շարք թույլատրական փաստաթղթերի ավտոմատացված ստացում, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը։ ՊԵԿ-ը կանգ չի առնում նշված հաջողությունների վրա և արդեն իսկ իրականացնում է հավակնոտ նախագծեր մեքենայացված ուսուցման, մեծ տվյալների վերլուծության և արհեստական բանականության գործիքակազմի ներդրման  ուղղությամբ։ Թվարկված բոլոր քայլերը մեծապես ուղղված են  անդրսահմանյան առևտրի թվայնացմանը և քայլ առաջ են դեպի անթուղթ առևտուր։ Կարծում եմ այս երկու օրերի ընթացքում կհասցնեք անդրադառնալ, ծանոթանալ նշված լուծումներին և ավելի խորը վերլուծել դրանք ներկա փորձագիտական հանրության հետ:
 
Այսպիսով, ողջունում եմ այս տարածաշրջանային համաժողովը, որն իր շուրջ է համախմբել ոլորտին քաջատեղյակ փորձագետների մի մեծ խումբ: Ակնկալում եմ, որ համաժողովը խթան կհանդիսանա շարունակական փոխօգնության և համագործակցության համար:
 
Շնորհակալություն»:
 
Համաժողովի ընթացքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն