Հայ Հեղափոխական դաշնակցությունն իրավունք ունի՞ աղմկելու


Հայ Հեղափոխական դաշնակցությունն իրավունք ունի՞ աղմկելու

  • 19-11-2019 11:40:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գործունեության մասին ստորև մեջբերումներն արել եմ 2016թ․հոկտեմբերի 12-ի իմ «ՀՀ-ում 1998-2016թ.թ. Կրթության բարեփոխումների նպատակով ներդրված վարկային գումարներն ու դրանց արդյունավետության վերլուծություն» երկարաշունչ հոդվածից (14 էջ)։
 
Նախարար Լևոն Մկրտչյանի առաջին պաշտոնավարման օրոք (պաշտոնավարել է 1998-1999թ․թ) 1998 թվականի հոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661 որոշմամբ սկսվեց 15 մլն դոլար արժողությամբ մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին», այդպես էլ ըստ էության կյանքի չկոչվեց, բացի աշակերտ թվով ֆինանսավորման գաղափարի ներդրումից: Չկայացավ այդ վարկային ծրագրով նախատեսված հանրակրթական ուսումնական հաստատությունների ինքնակառավարման ու ինքնավարության գործընթացը։
 
2001-2003 թվականներին Կրթության նախարարն էր 2-րդ անգամ նշանակված Լևոն Մկրտչյանը։
2001-ին Ազգային Ժողովը ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող Կրթության զարգացման պետական 2001-2005թ.թ. օրենքը, որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն իրականացավ այդ օրենքով մշակված կրթական միջոցառումների հազիվ 30%-ը: Հիշեցնեմ, որ Կրթության զարգացման հաջորդ ծրագիրը ընդունվեց 2011թ․-ին։
 
2006-ին, արդեն 3-րդ անգամ նշանակված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օրոք «Կրթության մասին» օրենքում ամրագրվեց անցումը 12-ամյա միջնակարգ կրթության՝ չունենալով Օրենքով պահանջվող Կրթության զարգացման պետական ծրագիր: Փաստորեն այդ տարիներին կրթության ոլորտում առաջ գնացինք առանց տեսլականի, առանց նախապես մշակված ճանապարհային քարտեզի, խարխափելով (ցավոք, այսօր էր կրթության ոլորտի բարեփոխումներն արվում են առանց Զարգացման պետական ծրագրի և խարխափելով): Կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությամբ ներդրվեցին 12-ամյա կրթության ու ավագ դպրոցի նոր գաղափարները, որոնք մինչ օրս կասկածի տակ են դրվում հասարակության կողմից, որովհետև տպավորություն ստացվեց, որ 2003-2009թ.թ. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով Համաշխարհային բանկը որոշեց, թե ո՞ր ուղղությամբ պիտի շարժվի Հայաստանի կրթությունն, գրվեցին բավական բովանդակալի  ռազմավարություններ, սակայն դրանց կիրառման  ընթացքը խոտորվեց:
 
3-րդ անգամ նշանակված Լևոն Մկրտչյանի օրոք Կրթության որակ և համապատասխանություն 2003-2009թ.թ. 20 մլն արժողությամբ առաջին վարկային ծրագրով ՀՀ կառավարության 27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որին հասարակությունը մինչ օրս դրական չի վերաբերվում, որովհետև չնայած միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այն տեսլականը, որ ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազն կպակասի, չիրականացան։
 
4-րդ անգամ Լևոն Մկրտչյանը ՀՀ ԿԳ նախարար է նշանակվել 2016թ․փետրվարի 24-ից  մինչև 2018թ․ թ․ ապրիլի 26-ը, երբ արդեն ուժի մեջ էր մտել Համաշխարհային բանկի 4-րդ վարկային ծրագիրը՝ 37.5 մլն,  2015-2019թ.թ., նպատակը՝ հանրակրթության որակի բարելավում, որի մեջ մտնում է 17 ավագ դպրոցների վերանորոգում, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորում, այս տարի ժամկետը լրանում է, սակայն արդյունքը, ըստ նոր խոստումների կլինեն 2023-թ․-ին, սակայն՝ մասնակիորեն այլ ֆինանսավորմամբ:
 
Այսպիսով, հանրակրթության բարեփոխումների համար պետությունը անցած 20 տարում 4 վարկային ծրագրի համար վերցրել է.
 
1․ 15 մլն դոլար 1999-2003թ.թ. նպատակը՝ կրթական ուսումնական հաստատությունների ինքնակառավարում և ինքնավարություն, փաստացի չկա:
 
2․ 20 մլն 2004-2009թ.թ. նպատակը՝ 12-ամյա կրթության և ավագ դպրոցների կայացման գործընթաց, ճիշտ ընթացքով չի գնացել:
 
3․ 31.5 մլն 2010-2014թ.թ. նպատակը՝ Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները՝ ապահովելով հասարակության սոցիալ տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն կրթության մասնագիտական կրթության որակի աճ, չի նշմարվում:
 
4․ 37.5 մլն 2015-2019թ.թ. նպատակը՝ հանրակրթության որակի բարելավում, որի մեջ մտնում է 17 ավագ դպրոցների վերանորոգում, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորում, սակայն հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքներով:
 
ԸՆԴԱՄԵՆԸ՝ $103.75 մլն դոլար ու անբավարար արդյունք։
 
Հիմա հարց, ՀՀ դաշնակցության կողմից 4 անգամ ՀՀ ԿԳ նախարար նշանակված Լևոն Մկրտչյանի վերանշյալ գործունեությունը թույլ տալի՞ս է դաշնակցականներին քննադատել գործող նախարարին, իհարկե՝ ոչ։ Սա բոլորովին չի նշանակում գործող նախարարին քննադատությունից զերծ պահել, բայց դրա իրավունքը պետք է վաստակեն այն քաղաքացիները, որոնք չեն ավիրել Հայաստանի կրթության բնագավառը։
 
Ի դեպ, այս հոդվածի բովանդակությունը պետք է որ հետաքրքրի գործող նախարար Արայիկ Հարությունյանին, սա էլ հղումը՝ https://www.aravot.am/2016/10/12/815233/?fbclid=IwAR0myu7KZM6PiwIEkOuanOpzor4f2yizvXwVQ4dm4CfRClthyUFobDTEmIg։
 
Անահիտ Բախշյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը