Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին իր կյանքի ինչ-որ շրջանում ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության


Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին իր կյանքի ինչ-որ շրջանում ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության

  • 26-11-2019 18:18:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Նախօրեին՝ Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր մամուլի ասուլիս՝ նվիրված «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավին՝ պայքարելու և կանխարգելելու համար Հայաստանում կանանց և ողջիկների նկատմամաբ բռնությունը և սեռական ոտնձգությունները։ 
 
Այս տարի, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը, քարոզարշավն ընթանալու է «Հավասարության սերունդ. վերջ դնենք սեռական ոտնձգություններին» կարգախոսի ներքո՝ կենտրոնանալով կանանց նկատմամբ կյանքի տարբեր ոլորտներում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի և կանխարգելման շուրջ։ 
 
«Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին իր կյանքի ինչ-որ շրջանում ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության։ Եվ ամենից հաճախ, բռնությունը կատարվում է մերձավոր անձի կամ զուգընկերոջ կողմից», - ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը, - «Կանանց հանդեպ բռնությունը մարդու իրավունքների խախտում է, ինչպես նաև՝ շատ լուրջ խտրականություն կանանց հանդեպ և խոչընդոտ գենդերային հավասարության համար»: 
 
Շարփը նշեց նաև, որ ՄԱԿ-ի թիմը հաստատակամ է շարունակել աշխատել կառավարության, քաղաքացիական հասարակության, բոլորի հետ՝ կանխարգելելու համար կանանց դեմ բռնությունը, ապահովելու գենդերային հավասարությունը և կանանց զորացումը՝ թե տնտեսական, թե քաղաքական ոլորտներում։ «Այս ամենը միասին, վստահ եմ, կարող է դիտարկվել, որպես Կայուն զարգացման նպատակների օրակարգ 2030-ին հասնելու ամենակարևոր խթանը»։ 
 
Իր ելույթում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ ոլորտին վերաբերող կառավարության կողմից կայացված վերջին որոշումներին և ներկայացրեց սպասվող փոփոխությունները։  
  
«ՀՀ կառավարությունը մերժել է բոլոր տեսակի բռնության ձևերը բոլոր մակարդակներում և կարևորում է նաև կանանց հանդեպ բռնության կանխարգելումը, կանանց տնտեսական և քաղաքական ակտիվությունը», - շեշտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, - «Կառավարության ծրագրերն ուղղված են նրան, որ հավասար հնարավորություններ ստեղծվեն երիտասարդ կանանց համար Հայաստանում, քանի որ այլ կերպ չի կարող լինել երջանիկ և ապահով հասարակություն»։ 
 
Բացի այդ, նախարարը նշեց, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է կենտրոնական հաշվառման կարգ, որի շնորհիվ 2020 թ-ից ընտանեկան բռնության վերաբերյալ բոլոր տվյալները կենտրոնացած կլինեն մեկ հարթակում։ 
 
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ներկայացրեց ոլորտին առնչվող 2019թ գրանցված դեպքերի վիճակագրությունը. «Հայաստանում 2019 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք, նախորդ տարվա՝ 585-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունում ստացվել է ընտանեկան բռնության մասին 2682 ահազանգ, հաշվառվել է 1533 բռնարար»:
 
Դուրյանի խոսքով, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, 2019 թվականի 10 ամիսներին  ՀՀ-ում գրացվել է  սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք, նախորդ տարվա՝ 78-ի դիմաց, անչափահասների նկատմամբ՝ 49 դեպք, նախորդ տարվա՝ 47-ի դիմաց: 
 
Իր հերթին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, որ կանանցից շատ ուժ է պահանջվում՝ զուտ որոշում կայացնելու և իրավապահ մարմիններին դիմելու համար: «Նրանցից շատ ռեսուրս է պահանջվում և ամեն օր նրանք պայքարում են՝ ապացուցելու մեղավորի մեղքը: Այսօր Հայաստանում մեղավորի մեղքի ապացուցման բեռը դռված է հիմնականում սեռական բռնության ենթարկված անձի վրա»:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play