Ով է ծուղակը գցել քաղաքապետ Հայկ Մարությանին


Ով է ծուղակը գցել քաղաքապետ Հայկ Մարությանին

  • 30-11-2019 13:49:41   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին ֆեյսբուքյան լայվով փորձել է հերքել քաղաքապետարանի աղբատար Կամազների նվիրաբերման հետ կապված աղմկոտ պատմության կոռուպցիոն կասկածները: Ստացվել է դա քաղաքապետի մոտ, թե ոչ, կորոշի դրա յուրաքանչյուր ունկնդիր:
 
Հայկ Մարությանը կրկին պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը Կամազ չի նվիրել քաղաքին: Այդ պնդումը վկայում է, որ Հայկ Մարությանը թերեւս չի հասկացել կամ պատկերացրել պատմության մեջ ամենագլխավորը: Իսկ ամենագլխավորը կոռուպցիոն ռիսկը չէ: Ի վերջո, Մարությանը Կամազները չի դրել իր գրպանը, թեեւ կոռուպցիան միայն «գրպանով» պայմանավորված մեխանիզմ չէ:
 
Հարցն այն է, որ կոռուպցիան խոշոր հաշվով կարող է դիտարկվել հետեւանք: Հետեւանք այն անջրպետի, որ առաջանում է կառավարող ուժի եւ հանրության միջեւ: Երբ այդ անջրպետն առաջանում է, կառավարող ուժը հայտնվում է կամ իշխանությունը թողնելու, կամ հանրային հենարանից կոռուպցիոն հենարանի վրա տեղափոխվելու գայթակղության առաջ: Իսկ դա չափազանց բարդ իրավիճակ է, անկանխատեսելի իրավիճակ, ինչպիսի անկեղծ մղումներ ու հավատ էլ չունենա դրա առաջ հայտնված կառավարող ուժը կամ դրա որեւէ ներկայացուցիչ:
 
Գուցե լինի չափազանց դաժան համեմատություն, բայց կոռուպցիոն մեխանիզմը «շմոլ գազի» նման է՝ խեղդում է առանց զգացնել տալու: Իսկ «գազի արտահոսքի» աղբյուրն էլ դառնում է հանրության միջեւ առաջացող վստահության անջրպետը, որի գլխավոր պատճառ է դառնում սուտը, կեղծիքը, անճշտությունը, բառախաղը կամ թղթախաղը՝ «թղթերով ամեն ինչ կարգին» է տրամաբանությամբ:
 
Քաղաքացիները կհամոզվեն, որ կոռուպցիա գուցե եւ չկար: Գուցե ժամանակի ընթացքում աղմուկը մարի, թեկուզ որեւէ այլ առիթով, բայց նստվածքը կմնա՝ թե ինչու՞ է քաղաքապետարանը թաքուն կամ գաղտնի պահել, ինչու՞ չի բարձրաձանել նվիրաբերման փաստն ու նվիրատուների անունները հենց սկզբից, ինչու՞ է բացատրություններ սկսել տալ հետո, երբ բարձրացել է աղմուկը, կամ ինչու՞ է բացատրություններ տալիս էլ եղել ոչ համոզիչ կամ խիստ համառ՝ օրինակ օդիոզ սեփականատերերից մեկի առնչությամբ:
 
Եթե քաղաքապետարանին Սամվել Ալեքսանյանը դե յուրե կամ դե ֆակտո չի նվիրաբերել որեւէ Կամազ, չկա որեւէ խնդիր: Ի վերջո, հանրության խնդիրը Սամվել Ալեքսանյանին Երեւանի խոշոր նվիրատու կնքելը չէ: Բայց տարրական տրամաբանությունը հուշում է, որ այդ հանգամանքը հերքող պաշտոնյաները կարող էին հիանալի պատկերացնել Ալեքս ընդ հոլդինգ ընկերության ու Ալեքսանյանի ասոցացումը, ըստ այդմ աղմուկից անմիջապես հետո պարզապես շատ հստակ շարադրել, որ Ալեքսանյանը չի նվիրել, նվիրել է այսինչ ընկերությունը, որը նրա այնինչ մերձավորինը կամ ազգականինն է, մնացյալը թող որոշի յուրաքանչյուրը:
 
Բայց դրա փոխարեն հնչել է առավել քան տարօրինակ պատասխան՝ թե չեն հիշում նվիրատուների ցանկը: Այն էլ մի դեպքում, երբ ցանկը կազմված է մի քանի ընկերության անունից, ոչ թե մի քանի տասնյակ: Կամ միթե քաղաքապետարանում չկար մեկը, որ կհիշեր որեւէ անուն:
 
Հետաքրքիր է, երբ նվերները ստացվել են, քաղաքապետարանում եղե՞լ է դրա վերաբերյալ տեղեկատվության հրապարակման շուրջ քննարկում: Ինչպիսի՞ն է եղել քաղաքապետ Հայկ Մարությանի դիրքորոշումը: Նա համոզվա՞ծ է եղել, որ չպետք է հրապարակել, թե՞ նրան որեւէ մեկը համոզել է, որ պետք չէ հրապարակել, գոնե ինչ որ ժամանակ. Ինչ որ ժամանակ, քանի դեռ աղմուկը Մարությանին չէր դնի փաստի առաջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play