Զարեհ Սինանյանն Ուկրաինայում հանդիպել է հայ գործարարների հետ


Զարեհ Սինանյանն Ուկրաինայում հանդիպել է հայ գործարարների հետ

  • 30-11-2019 14:48:09   | Ուկրաինա  |  Քաղաքական

Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
 
Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է  եկել «Imagine Armenia» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին և քննարկվելիք հարցերի շրջանակը:
 
 
Գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարևորել է հայ-ուկրաինական առևտրային կապերի ամրապնդումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացումը: Սակայն ըստ գործարարի՝ առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք բարդացնում են բիզնես կապերի զարգացումը:
 
Գործարարներն ընդգծեցին նաև հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, մարկետինգային ճկունությունն ու համաշխարհային միտումներին համապատասխանությունը, որոնք թույլ կտան արտերկրում հավուր պատշաճի ներկայացնել հայկական արտադրանքը: Առաջարկ հնչեց նաև ստեղծել հայ-ուկրաինական արևտրային պալատ, որը  հնարավորություն կընձեռի դյուրինացնել պետությունների միջև գործարար կամուրջների հաստատումը:
 
Գործարարների ակումբի մյուս փոխնախագահ Ալեքսանդր Փիլոյանը շեշտարդել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ուկրաինայում Հայաստանի զբոսաշրջային գրավչության ներկայացումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:
 
Գործարարները խոսեցին նաև Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում հնարավոր թռիչքային զարգացումների, IT բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և  ներդրումների մասին:
 
Գլխավոր հանձնակատարը կարևորեց գործարարների նման հետաքրքրվածությունը հայրենիքի հանդեպ, գործարար համայնքի միջև առկա համախմբվածությունը, ինչպես նաև շեշտեց խնդիրների և խոչընդոտների վերացման կարևորությունը:
 
Այնուհետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play