ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետն անհիմն ու անհասցե է որակել Վահագն Պողոսյանի հայտարարությունը


ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետն անհիմն ու անհասցե է որակել Վահագն Պողոսյանի հայտարարությունը

  • 04-12-2019 14:33:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Զինծառայողի բարի համբավը, պատիվը, ծառայությունը և մարտական հերթապահությունը կրելու պայմաններն ու բարեկեցությունն առաջնային են ԶՈւ ղեկավարության համար: Այս մասին նշեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով «e-Hayq»  ընկերության ղեկավար, «Իրական դպրոց»-ի հիմնադիր Վահագն Պողոսյանի հայտարարությանը: «Հերթական անհիմն, անբովանդակ ու անհասցե ապատեղեկատվությունն է, որն ըստ ամենայնի նպատակ ունի բավարարել հայտարարողի ամբիցիաները Զինված ուժերի, այդ թվում՝ հրամանատարական կազմի բարի համբավի հաշվին»,-ասաց Ասատրյանը:
 
Նշենք, որ Վահագն Պողոսյանը «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղի» 7-րդ բիզնես-ինովացիոն ֆորումի ժամանակ հայտարարել էր. «Ո՞վ է ասել, որ մեր զինվորն առնետի նման պետք է նստի խրամատներում և սպասի, որ թուրքը պետք է ակտիվություն ցուցաբերի: Դրա համար կա համապատասխան տեխնիկա»:
 
Նա նշել է, որ նորարարությունների ներդրման խնդրի լուծման մեջ առաջընթաց չկա, քանի որ «գտնվում է բիզնես շահերի տարածքում: Ամբողջը՝ վառելիքից սկսած, այդ երեխաների համար նախաճաշով վերջացրած, առնչվում է ինչ-որ մեկի շահերին. ուր էլ գնաս, կբախվես ինչ-որ մեկի շահերին եւ կառաջանա անհամաձայնություն»:  Ըստ նրա, նորարարական նախաձեռնությունները պարտադիր կերպով բախվում են «իրենց բիզնես շահերն ունեցող գեներալների հակազդմանը»:
 
«Բազմիցս ասվել է, որ նման հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որպեսզի իրականության հետ աղերսներ ունենալու դեպքում, համապատասխան մարմինները հիմք ունենան զբաղվելու դրանցով»,- նշեց գնդապետ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ, իր այս հայտարարությունից հետո Վահագն Պողոսյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ, սակայն այդպես էլ հստակ չի մատնանշել, թե որ պաշտոնատար անձին է նկատի ունեցել: Վահագն Պողոսյանը նաև հայտարարել է, որ չի կարծել, թե իր այդ հայտարարությունն այդպիսի հանրայնացում կստանա:
 
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ զինծառայողի բարի համբավը, պատիվը, ծառայությունը և մարտական հերթապահությունը կրելու պայմաններն ու բարեկեցությունն առաջնային են ԶՈւ ղեկավարության համար, և որևէ մեկը, հատկապես այնպիսի մեկը, որ չի էլ ծառայել ՀՀ ԶՈւ-ում, բարոյական իրավունք չունի զինծառայողին, հատկապես առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորին, համեմատել առնետի հետ: Այսպիսի՞նն է նրա վերաբերմունքը զինծառայությանը և Զինված ուժերին»,- ընդգծեց գնդապետ Ասատրյանը՝ հավելելով. «Եթե այդպես է պատկերացնում սահմանի պաշտպանությունը, թող ստանձնի գոնե մեկ դիրք ղեկավարելու ու պահելու պատասխանատվությունը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play