Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հարցադրում է հղել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պլանի վերաբերյալ
05-12-2019 17:50:08 | Թուրքիա | Քաղաքական
Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Զինված ուժերի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողության պլան (սցենար) ունենալու վերաբերյալ հարցը բերել է մեջլիսի օրակարգ: Պոլսահայ պատգամավորը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ուղղված ռազմական պլանին վերաբերող մի շարք հարցերի:
Ըստ պոլսահայ պատգամավորի՝ «Թուրքիայի ԶՈՒ-ի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլանի» մասին մամուլում հայտնված տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Փայլանը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.
«Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Շահարկումների առարկա դարձած պլան դեռ վավե՞ր է:
Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:
Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»: