ԲԴԽ-ն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին


ԲԴԽ-ն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

  • 06-12-2019 12:15:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինին:
 
Հանդիպմանը մասնակցում էին Խորհդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Գիրգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը:
 
Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Խորհրդի լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական կառուցակարգերը, արված լայնածավալ աշխատանքները և օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն արդարադատությունն արդյունավետ դարձնելն է: Նա իր խոսքում կարևորեց, որ դատական իշխանությունն ապաքաղաքական կառույց է, և Խորհուրդն իր ամենօրյա բաց, թափանցիկ աշխատանքով, չմիջամտելով արդարադատական գործընթացին, քայլեր է ձեռնարկում դատարանների անկախությունն ամրապնդելու ուղղությամբ:
 
Խորհրդի նախագահը նաև նշեց, որ միջազգային գործընկերների հետ սերտ կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցությունը ևս առաջնային են Բարձրագույն դատական խորհրդի համար և հույս հայտնեց, որ դեսպանի միջոցով երկու երկրների դատական իշխանությունների գիտական և պրակտիկ հատվածների միջև կստեղծվեն համագործակցության նոր հնարավորություններ:
 
Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին հյուրընկալության համար, հետաքրքրվեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների   իրակացման գործիքակազմերով և այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերով:
 
Ի պատասխան դեսպանի հարցին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագիրը բավականին հավակնոտ է, հայեցակարգային և ամբողջ ծավալով կյանքի կոչվելու պարագայում արդյունքը կլինի գոհացնող:
 
Քննարկվեցին էլեկտրոնային արդարադատության ոլորտում Ռուսաստանի ունեցած փորձը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները: Խորհդի անդամները ևս արտահայտեցին իրենց տեսակետները, եղան երկկողմ համագործակցության կառուցողական առաջարկներ:
 
 ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն