Հրանտ Մարգարյանը հրաժարվեց


Հրանտ Մարգարյանը հրաժարվեց

  • 07-12-2019 10:40:01   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որեւէ անձի ստվերային կառավարում, եւ այդ մասին պնդումները անհիմն են, իսկ պնդողները չեն ճանաչում ՀՅԴ-ն: Մարգարյանը հայտարարել է, որ ամիսներ առաջ Արցախում տեղի ունեցած ընդհանուր ժողովում հրաժարվելով կուսակցության ղեկավարի համար թեկնածության առաջադրումից, դա արել է ոչ ձեւական եւ այժմ հեռու է կուսակցության կառավարումից: Նա հայտարարել է նաեւ, որ ստեղծել է Կամավորական շարժում ՀԿ ու դրա միջոցով է շարունակելու իր պայքարը Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատագրության համար:
 
ՀՅԴ նախկին ղեկավարը փաստորեն հրաժարվում է կուսակցությունից: Իհարկե, շատերը վստահ են, որ Մարգարյանն այդ հայտարարությունն անում է ընդմենը առաջացած աղմուկը մեղմելու համար: Խոսքը Նիկոլ Աղբալյան ուսանողական միության շուրջ ստեղծված իրավիճակի մասին է, որի արդյունքում հեռացվել են երիտասարդներ, որոնք համաձայն չեն եղել իշխանության դեմ բողոքի ակցիաներ եւ ԿԳՍՄ նախարարի հրաժարականի պահանջ ներկայացնելու որոշումներին:
 
Տեղեկություն տարածվեց նաեւ, որ ՀՅԴ կոմիտեների հավաքին Հրանտ Մարգարյանը կոչ է արել պարտիզանական պայքար մղել իշխանության դեմ եւ պատրաստ լինել անգամ ձերբակալվելուն:
 
Աղմուկից հետո Հրանտ Մարգարյանը փաստացի հայտարարում է, որ այժմ ինքը որեւէ կապ չունի կուսակցության ակտիվ գործունեության եւ առավել եւս կառավարման հետ:
 
Դրան կհավատան թերեւս քչերը: Բայց ինքնին այն, որ ՀՅԴ նախկին ղեկավարը հրաժարվում է ոչ թե այն հանգամանքից, որ պարտիզանական պայքարի կոչեր է արել, այլ ընդհանրապես կուսակցության ակտիվ գործերից, հուշում է, որ ՀՅԴ ներսում հարցն ամենեւին մի քանի երիտասարդի ըմբոստությունը չէ: Պարզապես նրանք հրապարակայնացրել են այն, իսկ կուսակցության ներսում այդուհանդերձ տրամադրություններն ու քննարկումները  ավելի լայն ու բուռն են:
 
Միաժամանակ, թերեւս տարօրինակ կլիներ, եթե այդպես չլիներ: Ի վերջո, հակառակը կվկայեր այն մասն, որ ՀՅԴ-ն ողջ չէ: Ընդ որում, բառի ոչ հեգնական իմաստով: Որովհետեւ, պատմական ընթացքի մի շարք հանգամանքների բերումով կուսակցականից ավելի լայն՝ ազգային ինստիտուտի նշանակություն ստացած կառույցը չի կարող չմտահոգվել իր ապագայի, հանրային հեղինակության հարցով: Հեղինակություն, որը լրջագույն հարվածներ է ստացել հենց Հրանտ Մարգարյանի ղեկավարման շրջնում, ՀՅԴ-ն իր աշխարհասփյուռ ներուժով դնելով Հայաստանում իշխող քրեաօլիգարիկ համակարգի սպասարկման կարգավիճակում:
 
Հարցն ամենեւին Դաշնակցության քաղաքական դիրքավորումը չէ, այլ այն, թե կուսակցությունը որքանով է գործում իր գաղափարական ուղենիշների եւ որքանով՝ ընդամենը մարդկանց մի խմբի անձնական շահերի տիրույթում:
 
Հրանտ Մարգարյանը գործնականում հրաժարվում է երկրորդ անգամ: Առաջինը Արցախում Ընդհանուր ժողովի ընթացքում Բյուրոյի նոր կազմում ընդգրկվելուց հրաժարվելն էր: Կհրաժարվի՞ Հրանտ Մարգարյանը երրորդ անգամ՝ մինչեւ ՀՅԴ նոր աքլորականչը, թե՞ կփորձի ձգել այն արդեն իր նոր ՀԿ-ով՝ Կամավորական շարժում, որով գործականում ավելի մեծ մարտահրավեր կարող է նետել հենց ՀՅԴ-ին, քան օրինակ քաղաքական իշխանությանը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն