Աբովյանի թիվ 8 դպրոցի բակում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու կախված դի
07-12-2019 13:18:59 | Կոտայքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
shamshyan.com Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում՝ աստիճանների երկաթե ճաղավանդակից տղամարդու դի կա կախված: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կորյուն Չոբանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը որպես անհայտ կորած երեկվանից որոնվում էր, ով թաղման արարողությանը մասնակցելուց հետո տուն չէր վերադարձել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: