Արդարադատությունը ընտանեկան բռնության գործերով

10-12-2019 12:10:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Ընտանեկան բռնության, դրա իրավական կարգավորման ու կանխարգելման մասին Հայաստանում շատ է խոսվում, բայց մեծամասամբ բարձր ամբիոններից:  Զոհերից շատերն այսօր էլ շարունակում են լռել, խուսափել թեմայից, առավել ևս՝ ահազանգել իրավապահներին: 
Հասարակական կարծիքը, հարցի ոչ լիարժեք իրավական կարգավորումներն ու տասնյակ այլ հանգամանքներ բերում են նրան, որ ընտանեկան բռնության պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ: Ծեծ, սպառնալիքներ, հոգեբանական ճնշումներ և նույնիսկ մահվան դեպքեր: Թերի վիճակագրական տվյալներից անգամ ակնհայտ է՝ ընտանեկան բռնությունը Հայաստանում լրջագույն խնդիր է: 
 
Չնայած դեպքերի հաճախականությանը, ընդ որում՝ ողբերգական հանգուցալուծումներով, խնդիրը շարունակում է ընտանիքների ներսում մնալ. այն ուսումնասիրության նյութ է դառնում հիմնականում քրեական գործերի հարուցումից հետո: 
 
«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոնի» կողմից իրականացված 26 քրեական գործերի մշտադիտարկումը վերհանել է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ 
 
- Ընտանեկան բռնության դեպքերը դիտարկվում են ընդհանուր պատկերից դուրս՝ ըստ այդմ ստանալով թերի որակում: Իրավապահ մարմինները և դատարանը հաշվի չեն առնում տուժողի՝ հոգեբանական, տնտեսական, սոցիալական և այլ բնույթի կախվածության գործոններն ամբաստանյալից: Այս խնդիրը հատկապես ակնհայտ է մարզերում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքերում. ոչ շատ զարգացած
համայնքներում, որտեղ ընտանիքում աշխատում է միայն տղամարդը, կինը նրանից կախման մեջ է բոլոր առումներով, ինչը ստիպում է տևական ժամանակ լռել ու համակերպվել երբեմն նույնիսկ սիստեմատիկ բռնությանը:
 
- Ուսումնասիրված որոշ դեպքերում դատարանները դրսևորում են զոհայնացնող մոտեցումներ. նրանց կողմից հաշվի չի առնվում, որ բռնության ենթարկվածը, բացի այն, որ արդեն իսկ տուժել է, ունի, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ կամ առողջական այլ առանձնահատկություններ:
 
- Քրեական գործերը կարճվում են՝ հիմնվելով ֆորմալ հաշտության վրա՝ առանց հաշվի առնելու 
տուժողի՝ ամբաստանյալից կախվածության գործոնը
տուժողի՝ հաշտվելու իրական դրդապատճառը
տուժողի հետագա հոգեբանական և ֆիզիկական անվտանգության երաշխիքները:
 
Դատական մի շարք գործերի ուսումնասիրությունը հիմք է տալիս փաստելու, որ երբեմն այս կախվածությունն ու հետագայում բռնարարից պաշտպանվելու ոչ բավարար երաշխիքները տանում են նրան, որ տուժողն ինքն է ներողություն խնդրում բռնարարից ու հաշտության ձեռք մեկնում:
 
- Դատախազի, պաշտպանի բացակայության պատճառով դատական քննությունները հաճախ ձգձգվում են: Այս գործելաոճի արդյունքում նիստերը հետաձգվում են երբեմն նույնիսկ ամիսներով. ուսումնասիրված գործերում կան նույնիսկ օրինակներ, երբ գործերը կարճվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
 
- Տուժողները շատ անգամ չեն ունենում փաստաբան, թեև կարող են օգտվել հանրային պաշտպանի անվճար ծառայություններից: Պատճառները տարբեր են՝ իրավապահ մարմինների ոչ հետևողական լինելուց մինչև տուժողների՝ իրենց իսկ իրավունքների չիմացություն:
 
- «Դատալեքս» համակարգում անձանց առողջական վիճակի, բնակության վայրի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացվում է: Մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անթույլատրելի է հրապարակել այդ տվյալները՝ առանց անձի թույլտվության:
 
Մշտադիտարկված 26 քրեական գործերից ավարտվել են 13-ը, դրանցից՝ 
3-ը կարճվել է հաշտության հիմքով, 
1-ը՝ համաներմամբ, 
1-ը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով,
2-ի դեպքում կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանք,
3-ի դեպքում՝ տուգանք
1-ի դեպքում՝ 1 ամիս կալանք
2-ի դեպքում՝ ազատազրկում 1-ից 7 տարի:
 
Կա թյուր պատկերացում այն մասին, որ ընտանեկան բռնություն կարող է լինել միայն կնոջ ու ամուսնու միջև, մինչդեռ
ընտանեկան բռնության զոհ են համարվում ընտանիքի բոլոր անդամները:
 
Մշտադիտարկված գործերով 
14 ամբաստանյալ մեղադրվել է կնոջ կամ նախկին կնոջ հանդեպ բռնություն կիրառելու համար 
1-ը՝ նախկին ընկերուհու նկատմամբ բռնություն կիրառելու համար 
4-ը՝ ծնողների նկատմամբ բնություն կամ բռնության սպառնալիք կիրառելու համար 
4-ը՝ երեխայի նկատմամբ հանցանք կատարելու համար: 
 
Ընտանեկան բռնության դեպքերի քննության պատկերը կփոխվի միայն օրենսդրական համապատասխան փոփոխությունների, քննություն իրականացնող անձանց խորքային վերապատրաստման, տուժողների իրավագիտակցության բարձրացման դեպքում:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 432 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար