ՍԴ անդամներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն առաջարկվում է թոշակ. Արման Բաբաջանյան


ՍԴ անդամներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն առաջարկվում է թոշակ. Արման Բաբաջանյան

  • 10-12-2019 13:19:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Երկու տասնամյակից ավելի Սահմանադրական դատարանը հանդիսացել է այն ատյանը, որը ձախողելով իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել, իսկ որոշ դեպքերում խթանել է ՀՀ-ում հակաժողովրդական, հակաիրավական զարգացումները: ՍԴ-ն քայլ առ քայլ մեկուսացրել է իրեն սահմանադրության գերակայության և սահմանդրականության պաշտպանի գործառույթներից»,- այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
 
Նրա խոսքով՝ ընտական իրավունքի նկատմամբ քաղաքացիների իրավունքի զանգվածային խախտումների հարցում ՍԴ-ն վերջին 20 տարիներին ձևավորել և դրսևորել է գրեթե բացարձակ հանդուրժողականություն: ՍԴ առնվազն վերջին երկու տասնամյակի գործունեությունը պատկերավոր կարելի է բնութագրել որպես ժողովրդավարության պահապանից ժողովրդավարության բանտապանի վերածվելու դերակատարություն: Արման Բաբաջանյանն ասաց, որ Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ, ՍԴ անդամների գործող մեծամասնությունը մասնակից ու հանցակից է եղել անցած առնվազն 1.5 տասնամյակների ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծարարութուններին ու ընտրական հանցագործություններին: Գրեթե բոլոր դեպքերում ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկումն ուղեկցվել է քաղաքական հետապնդումներով, ջարդարարությամբ, բանտարկություններով ու սպանություններով:
 
«Համոզված կարող ենք պնդել, որ խնդրո առարկա այս դատարանը գործուն մասնակցություն է ունեցել անցած ավելի քան 15 տարիների բոլոր ընտրությունների ու հանրաքվեների կեղծման գործընթացին: Դա եղել է իշխանության բռնազավթման գործընթաց, այսինքն՝ մենք գործ ունենք մի ՍԴ հետ, որի անդամների զգալի մասը ենթադրաբար մասնակից է եղել ծանրագույն հանցագործության: Եվ այս պայմաններում մենք ՍԴ-ին իրավա-քաղաքական գնահատական տալու փոխարեն նրանց առաջարկում ենք արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել»,- ասաց Բաբաջանյանը:
 
Ըստ պատգամավորի՝ այսօր ՍԴ անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման փոխարեն առաջարկվում է կենսաթոշակ՝ աշխատավարձի չափով՝ որպես պատվով հեռանալու միջոց: Սա որևէ կերպ մեզ չի մոտեցնում երկրում գոյություն ունեցող սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանը: Եվ մենք ի վերջո գալու ենք իրական ու հատու լուծումների, հայտարարեց պատգամավորը:
 
Բաբաջանյանը նաև ասաց, որ ՍԴ անդամներն օրերս եղել են Լատվիայի մայրաքաղաքում, հանդիպել են իրենց գործընկերների հետ և բողոքել են ՀՀ իշխանություններից՝ իրենց վրա գործադրվող ճնշումների համար: «Մենք հիշում ենք նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդիպումը ՌԴ դեսպանի հետ այն կարևոր ժամանակահատվածում, երբ քննվում էր երկրի գլխավոր մեղադրյալի վերաբերյալ գործը: Եվ հասկանալիորեն պետք է ենթադրենք, որ քննարկվող հարցը վերաբերել է մեր երկրի ինքնիշխանությանը և սուվերենությանը: Եվ սա կրկնակի ապացուցում է, որ իրավիճակն արդեն ճգնաժամից էլ ավելի խորն է»,- ասաց նա:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը