Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները


Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները

  • 10-12-2019 18:43:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: 
Նախարարը կարևորել է IRZ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել Նախարարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները, որոնք  վերաբերել են քրեակատարողական օրենսդրության հետագա կատարելագործմանը՝ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում: Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ կարևորել է նաև Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերով առաջարկվող կարգավորումները: Այդ համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը մինչև տարեվերջ կուղարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ, իսկ Քրեակատարողական օրենսգրքի նախագծի ընդունումը կիրականացվի նշված երկու օրենսգրքերի կիրառմանը զուգահեռ: 
 
IRZ-ի ներկայացուցիչ Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել կազմակերպության փոխգործակցության պատրաստակամությունը՝ մի շարք ոլորտների զարգացմանն աջակցելու նպատակով: 
 
Հանդիպման ընթացքում, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված կադրային նոր քաղաքականության շրջանակում, քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման, ինչպես նաև ՔԿՀ-ներում պատիժ կրող և պրոբացիայի շահառու անչափահասների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի ներդրման ու վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքների փորձի ուսումնասիրության հնարավորությունները:   
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play