Անցկացվել է Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը

10-12-2019 18:54:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
      Դեկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
 
«Բարև
ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
 
Ուրախ եմ ողջունել ձեզ Կանանց հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ ի նշանավորումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որը 1948 թվականի դեկտեմբերի 10-ին սահմանեց բոլոր մարդկանց իրավունքների անքակտելիությունը՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, լեզվից ու ծագումից։
 
Հավասարությունը մարդու հիմնարար և կարևորագույն իրավունք է։ Այն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերում և ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմք ընդունելով այս համընդհանուր սկզբունքը՝ Կանանց հարցերով խորհուրդը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:
 
Թեպետ հավասարության ամրապնդման համար զգալի քայլեր են կատարվել, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, խտրական վերաբերմունքը և բռնությունը շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը:
 
Լավատեղյակ լինելով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման պետական քաղաքականության ոչ լիարժեք կիրարկման և օրենսդրական կարգավորումների թերի ապահովման հիմնախնդիրներից՝ հուսով եմ, որ հենց այս խորհրդի շրջանակներում կարողանալու ենք գտնել առավել նորարար, թիրախավորված և խորքային վերլուծության վրա հիմնված լուծումներ:
 
Կարծում եմ՝ Խորհրդի առջև դրված նպատակներին բոլորը ծանոթ են։ Ցանկանում եմ առանձնացնել և վերաձևակերպել մի քանիսը, որոնք համարում եմ առաջնահերթ։
 
§  Բռնության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, փողոցում։ Յուրաքանչյուր ոք, անկախ սեռային պատկանելությունից, իրավունք ունի ապրելու բռնությունից ու ատելությունից զերծ միջավայրում։ Եվ եթե խախտվում է մարդու այս հիմնարար իրավունքը, պետությունը պարտավոր է վերականգնել այն ։
 
§  Խտրականության բացառում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Կլինի դա աշխատանքի ընդունվելիս, թե ծառայություններ ստանալիս՝ ցանկացած հիմքով խտրականությունը մեզ համար պետք է լինի մերժելի ու պատժելի արարք։
 
§  Կանանց տնտեսական զորեղացում։ Գաղտնիք չէ, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը, սակայն, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում։ Պետությունը, հանրային լայն համագործակցության միջոցով, պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները՝ այդպիսով խրախուսելով կանանց ու տղամարդկանց տնտեսական հավասարությունը և խթանելով ներառական տնտեսական զարգացումը։ Շատ կոնկրետ գործողություններ արդեն իսկ նախատեսվել են «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության շրջանակներում և կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում այդ գործողությունները կյանքի կկոչվեն:
 
§  Եվ վերջինը վերաբերում է ընդհանուր կանխարգելման ինստիտուտին. խտրականության, բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին է խոսքը, որոնց թվում են առկա կարծրատիպերի վերացումը, ատելության խոսքի բացառումը։ Այս համատեքստում կարևոր է հատկապես դպրոցի ու մեդիայի դերը, որը պետք է բացառի խտրականություն քարոզող բովանդակության տարածումը։
 
Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»։
կկոչվեն:   § 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար