Նախարար Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ


Նախարար Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ

  • 11-12-2019 18:35:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը:
 
Խորհրդակցության ընթացքում ՋՕԸ տնօրենները նախարարին են զեկուցել հավաքագրումների ցուցանիշները, որից հետո ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։  Ըստ ներկայացված տվյալների՝  2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4 մլն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796 մլն դրամով։ 
 
Արձանագրելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժը՝ նախարար Պապիկյանը նկատել է․ «Այս տարի ոլորտի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել ոռոգման շրջանում Սևանա լճից իրականացվող ջրառի չափաքանակի կանոնավորումը, ինչի շնորհիվ լճից 2018թ․ համեմատ բաց թողնվեց 53․5 մլն խմ-ով պակաս ջուր»։ 
 
Միաժամանակ, նախարար Սուրեն Պապիկյանը ՋՕԸ-երի գործունեությունը Ջրային կոմիտեի հետ տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով  գնահատել է ոչ բավարար և հանձնարարել  ընկերությունների տնօրեններին մինչև տարեվերջ բարձրացնել  վարձավճարների գանձման ցուցանիշը։ 
 
«Յուրաքանչյուր ջրօգտագործող ընկերության տնօրեն  պատասխանատու է իր ղեկավարած համակարգի գործունեության արդյունավետության և սպասարկվող տարածքում ջրային ռեսուրսների կառավարման համար»,- շեշտել է նախարարը։
ՏԿԵ նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության  ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել՝  ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play