Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը


Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը

  • 12-12-2019 12:53:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես` բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%: Բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը:
 
Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից: Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է մաքսային արժեքը հայտարարագրեն ապրանքային հայտարարագրում: 
 
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եթե 2019 թվականին ներկրված տրանսպորտային այս միջոցների համար մինչև տարեվերջ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Իսկ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն