2020 թ-ից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան


2020 թ-ից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան

  • 12-12-2019 18:10:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված քաղաքականության և ծրագրերի գնահատման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել։
 
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը իր խոսքում նշել է. «2020 թվականից էապես կընդլայնվեն ցերեկային համայնքային ծառայությունները, մասնավորապես՝ նախատեսել ենք, որ շուրջ 3300 երեխա մարզերում և Երևանում ստանա ներառական ծառայություններ։ Խոսքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է»:
 
Ժաննա Անդրեասյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական իրավունքի և պաշտպանվածության ապահովումը, կրթական իրավունքի լիարժեք իրացումը և սրա շրջանակում նաև միջգերատեսչական համագործակցությունը։ Այս տեսանկյունից էական է համարվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատում իրականացնելու առաջարկը։
 
«Կլինեն առանձնահատուկ բաղադրիչներ, որոնք կօգնեն էլ ավելի թիրախային դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծառայությունները, ինչպես օրինակ՝ սոցիալական օգնականի մոդելը և շարժական ծառայությունները։ Սրանք նաև մեզ թույլ կտան հասկանալ, թե որն է հաշմանդամություն ունեցող երեխաների իրական թիվը, որովհետև երբ ծառայությունների ծածկույթը ընդլայնվի, ի հայտ կգան նաև այն երեխաները, որոնք հաշվառված չեն»,- պարզաբանել է նախարարի տեղակալը։
 
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) երեխայի իրավունքների, մոնիթորինգի և գնահատման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատման տեխնիկական առաջադրանքը։ Ըստ այդմ, իրականացվելիք գնահատումը կպարզի, թե ինչ հաջողությամբ են իրագործվում հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծրագրերը և ինչ արդյունքներ են արձանագրել, որքանով են դրանք հիմնված կարիքների վրա և ինչ ազդեցություն ունեն ընտանիքների, խնամակալների ու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական միջավայրի վրա։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն