Արսեն Թորոսյանը հանդիպել է ԽԿԿ պատվիրակությանը. ԱՆ


Արսեն Թորոսյանը հանդիպել է ԽԿԿ պատվիրակությանը. ԱՆ

  • 12-12-2019 18:15:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արսեն Թորոսյանը հանդիպել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը:
 
Հյուրերը ներկայացրել են թարմացված տեղեկատվություն՝ ի լրումն կոմիտեի 2015 թվականի հերթական այցի արդյունքներով կազմված զեկույցի:
 
ԽԿԿ-ն պարբերաբար կազմակերպում է այցելություններ Եվրախորհրդի 47 երկրում՝ հետազոտելու և գնահատելու, թե ինչպես են վերաբերվում այն անձանց, որոնք զրկված են իրենց ազատությունից: Այցելած վայրերից են բանտերը, անչափահասների կալանավայրերը, ոստիկանության բաժանմունքները, հոգեբուժարանները, սոցիալական խնամքի տները և նմանատիպ այլ վայրեր:
 
Պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում հոգեկան առողջության կենտրոնների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու գնահատումը, որը ներառում է պացիենտների հարկադիր հիմունքներով բուժման պայմաններն ու իրավական երաշխիքները: Քննարկվել են Հայաստանում գործող հոգեկան առողջության կենտրոնների հագեցվածության, շենքային պայմանների, գերծանրաբեռնվածության, պացիենտի գաղտնիության պահպանման և այլ խնդիրներ:
 
Արսեն Թորոսյանը կարևորել է կատարված աշխատանքը և նշել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում զեկույցում տեղ գտած խնդիրների լուծման և առհասարակ համակարգային բարեփոխումների ուղղությամբ:
 
Նշվում է՝ նախարարն ընդգծել է, որ չկա առողջություն առանց հոգեկան առողջության՝ հավելելով, որ առողջապահության նախարարության ենթակայությամբ չգործող կենտրոններն ունեն առավել ուշադրության կարիք՝ կանխելու բարձրացված հարցերի խորացումը:
 
Նախարարն առաջարկել է արդարադատության նախարարության և մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին համագործակցել բարեփոխման ուղղությամբ՝ մեծ քայլերով առաջ շարժվելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն