Հանրային խորհրդի նախագահ նշանակելու համար եւս մեկ «խոչընդոտ» կա


Հանրային խորհրդի նախագահ նշանակելու համար եւս մեկ «խոչընդոտ» կա

  • 13-12-2019 18:33:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվեց Դանիել Իոաննիսյանին եւ Ալբերտ Ստեփանյանին նշանակել Հանրային խորհրդի անդամներ։ Իոաննիսյանը, ինչպես հայտնի է, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է, իսկ 71-ամյա Ալբերտ Ստեփանյանը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Կառավարության կողմից Հանրային խորհրդի նոր անդամներ նշանակելու անհրաժեշտությունը առաջացավ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից եւ ՀԽ անդամ Բաբկեն Պիպոյանի լիազորությունների դադարեցումից հետո: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդից հեռանալու մասին հայտարարեց նոյեմբերի 13-ին՝ իշխանությունների հետ ունեցած հակասություններից հետո:
 
«Հանրային խորհրդի մասին» օրենքի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամներից 15-ին նշանակում է Կառավարությունը: Եվ քանի որ Պիպոյանն ու Մանուկյանը Կառավարության կողմից էին նշանակվել, ուստի այդ 2 թափուր տեղերը պետք է համալրեր Կառավարությունը՝ մեկամսյա ժամկետում:
 
 
Ըստ օրենքի՝ ՀԽ բոլոր՝ 45 անդամների կազմի լրացումից հետո միայն հնարավոր է Հանրային խորհրդի նախագահ նշանակել: ՀԽ նախագահի թեկնածությունը 45 անդամներից ներկայացնում է ՀՀ վարչապետը Կառավարության առաջիկա նիստում: Այս պահին, սակայն, եւս մեկ «խոչընդոտ» կա՝ ՀԽ նախագահ նշանակելու համար:
 
Վերջերս Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ սա ենթադրում է, որ Զադոյանը մեխանիկորեն դուրս է եկել նաեւ Հանրային խորհրդից, քանի որ նա ՀԽ անդամ էր դարձել հանձնաժողովի նախագահի կարգավիճակի բերումով: Այսինքն՝ վերը նշված երկու նշանակումներից հետո Հանրային խորհրդում այս պահին 44 անդամ է, ուստի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո միայն ՀՀ վարչապետը կարող է ՀԽ նախագահի թեկնածություն ներկայացնել Կառավարության հաստատմանը:
 
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանի հրաժարականից հետո հանձնաժողովում երկու անգամ արդեն նիստ է գումարվել, սակայն դրանք չեն կայացել քվորում չլինելու պատճառով: Դեկտեմբերի 9-ին հրավիրված նիստին, օրինակ, հանձնաժողովի ավելի քան 60 անդամներից ներկա է գտնվել հանձնաժողովի 9 անդամ։
 
«Մենք ուզում ենք շաբաթ օրը կրկին հանձնաժողովի նիստ գումարել, որ աշխատող մարդկանց համար դժվարություն չլինի մասնակցելը. մեծ մասը աշխատող մարդիկ են եւ աշխատանքային օրերին դժվարանում են մասնակցել նիստերին: Պետք է Հանրային խորհրդի 45-րդ անդամի նշանակման հարցը կարգավորվի, որպեսզի Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը լուծվի, եւ մյուս աշխատանքները իրենց հունով գնան»,- ասաց Հովհաննիսյանը:
 
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ. առաջին 15 անդամներին հաստատում է Կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները, որից հետո վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից Կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը