ՀՀ կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից - ՀԲՃ

14-12-2019 11:45:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Շատերը տեղյակ են, թե նախորդ կառավարությունների օրոք ինչպես են գրվել բազմաթիվ օրենքներ և որոշումներ։ Դրանք հիմնականում միտված են եղել որոշակի խմբերի շահերը սպասարկելուն և նրանց անխափան գործունեությանն աջակցելուն։ Բայց մենք պատահաբար հանդիպեցինք մի ցցուն օրինակի, երբ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշման մի մեծ հատված ուղղակի արտագրված է մեկ այլ փաստաթղթից։
 
Այսպես․ 2017թ-ի օգոստոսի 10-ի ՀՀ կառավարության նիստում (կետ 8) ընդունվել է մի որոշում, որը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում։ Մինչ այդ տարբեր պետական կառույցներ դիտողություններ են արել, որից հետո այն լրամշակվել է ու ի վերջո ընդունվել վերջնական տեսքով։ Այդ որոշումով սահմանվել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները (տեսեք այստեղ)։
 
Առաջին հայացքից թվումէ, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց այդ որոշումն ընթերցելիս պարզվում է, որ 4-րդ գլխի (Կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները) կետերի մեծ մասն ու մի ամբողջ հատված (63-69 կետերը) բառ առ բառ արտագրված են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացների 2016թ․-ի տեխնիկական ռեգլամենտից, որը կազմել է «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերությունը։ 
 
Համոզվելու համար ներկայացնենք որոշման այդ կետերը և Լիդիանի վերոնշյալ ռեգլամենտի այն հատվածի լուսապատճենը, որտեղից արտագրված են այս կետերը․
 
63. Կույտային տարալվացման գործընթացի իրականացման անվտանգ
կազմակերպման նպատակով անհրաժեշտ է նախատեսել սանիտարական միջոցառումներ, այդ թվում՝ ռեագենտ և սորբցիոն նյութերի կառավարման ծրագիր, քանի որ նատրումի ցիանիդի քայքայման և ցիանային՝ լուծույթներից ոսկու սորբցիայի ժամանակ գոյություն ունի թունավոր ցիանաթթվի՝ արտադրական տարածքների մթնոլորտ արտանետման վտանգ:
 
64. Նատրիումի ցիանիդի քայքայումը և լուծույթից ցիանաթթվի արտանետումը տարածքների մթնոլորտ նվազեցնելու համար պետք է նախատեսել նատրիումի հիդրօքսիդի ավելացումը (լրալցումը) նատրիումի ցիանիդի խիտ (10-տոկոսանոց) լուծույթի բաքերի (տարողությունների) մեջ՝ рН-ը 12-ից բարձր պահելու համար:
 
65. Ոսկու սորբցիայի գործընթացի առավել անվտանգ անցկացման համար լուծույթների 10-ից պակաս рН-ի նվազեցման դեպքում պետք է նախատեսել նրանց մեջ նատրիումի հիդրօքսիդի ավելացում՝ մինչև սահմանված մեծությունը:
 
66. Լուծիչների բաքերում և սորբցիոն սյուներում պետք է նախատեսել արտազատվող ցիանաթթվի ասպիրացիա՝ համաձայն մշակվող լուծույթների ծավալների և նրանցում նատրիումի ցիանիդի խտության:
 
67. Անհրաժեշտ է լուծույթների рН-ը պահել 10-11 մակարդակի վրա՝ առավել թունավոր ցիանաջրածնի առաջացումը բացառելու համար: Ցիանաջրածնային թթվի աղերի (աերոզոլի տեսքով) և ցիանաջրածնի (գազի կամ գոլորշու տեսքով)՝ մթնոլորտ արտանետումը բացառելու համար անհրաժեշտ է ամբողջ սարքավորումները տեղադրել առավելագույնս իրար մոտ, պահել որոշակի բացասական ճնշման տակ:
 
68. Օդափոխությունը պետք է լինի պահուստով: Քարշող օդափոխության համակարգերով հեռացվող օդը մթնոլորտ արտանետվելուց առաջ պետք է մաքրել թունավոր նյութերից՝ մինչև սահմանային թույլատրելի խտությունը չգերազանցող պարունակությունը:
 
69. Լուծույթների վնասազերծումը, ինչը ներառում է ցիանիդների բնական՝ մթնոլորտային, և քիմիական քայքայումը, պետք է իրականացվի տարալվացման կույտերի շահագործման ավարտից հետո:
 
Որոշման 69-րդ կետն էլ բառացի արտագրված է նույն ռեգլամենտից, բայց արդեն 48-րդ էջից, և այդպես շարունակ՝ ինչպես նշեցինք վերևում։
 
Տեսնո՞ւմ եք ինչպիսի «հոյակապ» համագործակցություն է եղել նախորդ կառավարությունների և հանք շահագործող ընկերությունների միջև։ Փաստորեն Հայաստանում կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները կազմվել են մի ընկերության փաստաթղթից արտագրելու միջոցով, որն հենց այդ պահին սկսել էր կառուցել այդպիսի հարթակ։ Հիրավի, որ սա «փառահեղ» գաղափար է և «փառահեղ» որոշում։
Եվ սա ընդամենը մի տեսանելի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնականում գրվել օրենքներն ու որոշումները մինչև 2018թ-ի մայիսը։ Մենք շատ պատահաբար հայտնաբերցինք այս արտագրության դեպքը, քանի որ շատ լավ ծանոթ էինք Լիդիանի 2016թ․-ի այդ տեխնիկական ռեգլամենտին։
 
Կարելի է միայն ենթադրել, թե դեռ քանի՞ նմանատիպ անտեսանելի, ավելի վտանգավոր ու չբացահայտված դրվագներ կան նախկինում գրված օրենքներում
և որոշումներում։ Բոլորս շատ լավ գիտենք, որ դրանք հաճախ գրվել են պատվերով և հստակ ընդերքօգտագործողների շահերը սպասարկելու համար։ Դրանց գրելուն հաճախ մասնակցել են հենց հանքավայրերի լիցենզիաներ ունեցողներն ու նրանց սպասարկող իրավաբանները։ Եվ բոլորին պետք է պարզ լինի, որ հետհեղափոխական Հայաստանում կառավարությունը պարտավոր չէ հետևել և անընդհատ հղումներ անել այսպիսի եղանակներով գրված իրավական ակտերին։
 
Հավանական է, որ հիմա էլ այդ գրողների մեծ մասը տարբեր պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում և այս գործելաոճը դեռ պահպանվում է։ Բնականաբար իրենք շահագրգռված չեն և չեն նախաձեռնի դրանք փոխելու գործընթաց։ Այդ պատճառով անհրաժեշտ է լուրջ գույքագրում իրականացնել, իրավական և մասնագիտական անաչառ վերլուծության ենթարկել ընդերքօգտագործման և բնապահպանական ոլորտի օրենսդրությունը, վերանայել դրանք և վերջապես ազատվել մերժվածներից մնացած կադրերից և պատվերով գրված օրենսդրությունից։
 
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 790 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար