Ինչն էր վարչապետի խիստ գնահատականի պատճառը


Ինչն էր վարչապետի խիստ գնահատականի պատճառը

  • 14-12-2019 15:21:09   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն էլ ի հեճուկս պետական կառավարման համակարգի է տեղի ունենում։ Այսինքն 1,5 տարվա ընթացքում նոր իշխանությանը չի՞ հաջողվում պետական կառավարման համակարգը ամբողջությամբ վերափոխել, նոր կադրերով համալրել և վերջապես ինչպե՞ս է հաղթահարվելու այս խնդիրը։
 
Ոչ ոք խնդիր չի դրել պետական կառավարման համակարգը ամբողջությամբ նոր կադրերով համալրել։ Երբեք նման բան չի էլ հայտարարվել։ Մեր քաղաքացիները բողոքում են, որ պետական կառավարման համակարգի միջին և ցածր օղակներում, ըստ էության, նույն գործելաոճն է պահպանվում, ինչ նախկինում էր։ Փաստերը ցույց են տալիս, որ քաղաքացիների բողոքների մեծ մասը հաստատվում են։ Սա այն դեպքը չի, որ ասես՝ մարդը հանցագործություն է արել։ Պետական կառավարման համակարգի աշխատողների մի զգալի մասը իրենց գործունեության ընթացքում ունեն հայեցողական մոտեցում։ Այլ կերպ ասած, իրենց տրված է ըստ իրավիճակի որոշում կայացնելու հայեցողություն։ Բազմաթիվ են դեպքերը, երբ պետական կառավարման համակարգի ցածր և միջին օղակների աշխատողները որոշումներ են կայացնում ի վնաս քաղաքացու, բնակչի։ Այսինքն, եթե հնարավորություն ունեն մերժելու, ամեն ինչ անում են մերժելու համար։ Այս և նմանատիպ բազմաթիվ երևույթներն են առիթ դարձել, որպեսզի վարչապետը նման խիստ գնահատական տա։
 
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեին, որ չեն ձեռնարկվել այս ամբողջ ընթացքում՝ համակարգի առողջացման համար՝ հաշվի առնելով, որ ռևանշի ու դիմադրության մասին բազմիցս խոսվել է։
 
Քայլեր ձեռնարկվել են հեղափոխությունից անմիջապես հետո, և մենք աստիճանաբար գալիս ենք այդ փոփոխություններին։ Վարչապետի խոսքն ուղղակի հասցեատերերին սթափության բերելուն էր ուղղված, որպեսզի իրենք գիտակցեն, որ վերադարձ հնին չի լինելու։ Կամ իրենք դառնում են քաղծառայողներ և իրենց աշխատանքն են կատարում, ինչպես պետք է լինի, կամ օրենքն իրենց հետևից գալու է։
 
Շատերը նկատում են, որ դատական բարեփոխումները կյանքի չկոչվեցին, պետական կառավարման համակարգում խնդիրները մնում են չլուծված։ Ինչո՞ւ է հապաղում իշխանությունը։
 
Աստված չանի, եթե դուք այս հարցը տալու կարիքը ունենաք 2023 թվականին, դա կլինի տեղին։ Այսօր նման հարց տալու համար դեռ վաղ է։ 2020 թվականին դատական համակարգի բարեփոխման ծրագիրը մտնում է գործողության մեջ։ Եկող ամբողջ տարվա ընթացքում դուք տեսնելու եք դատաիրավական բարեփոխման ծրագրի իրագործումը։
 
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է, որ չի կիսում իշխանությունների կարծիքը, թե չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ։ Նա նաև ընդգծել է, որ միշտ էլ գործադիր և օրենսդիր իշխանությունները փորձել են դատական իշխանությունը քաշել իրենց ազդեցության տակ, իսկ դատավորները պայքարել են դրա դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։
 
Ես համոզված չեմ, որ նա այսպիսի մեզ մեղադրող հայտարարություն է արել, որովհետև մենք մազաչափ անգամ նման առիթ չենք տվել և չենք էլ տալու, բայց որ դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, կարծում եմ՝ Հայաստանում չկա մեկը, որ դա չընդունի։
 
Վարդազարյանը նաև նշում է, որ չեն հասցնում արդարադատություն իրականացնել, որովհետև դատարանները կաթվածահար վիճակում են, գերծանրաբեռնված են աշխատում։
 
Իհարկե, այդ խնդիրը կա և այն ևս պետք է լուծում ստանա։ Այո, կոնկրետ քաղաքացիական, վարչական գործերով ու վարույթներով ամիսներ, տարիներ է տևում այդ հարցերի քննությունը։ Դատարանների ծանրաբեռնվածության հարցը պետք է լուծվի և եթե անհրաժեշտ լինի, նաև հնարավոր է դատավորների թիվն ավելանա։ Դատաիրավական բարեփոխումների ընթացքում կներկայացվեն նաև այդ հարցը լուծելու ուղիները։ Վերջերս մենք մի այդպիսի նախագիծ ընդունեցինք, որի նպատակը դատարանները բեռնաթափելն էր։ Միաժամանակ կա դատական համակարգը կոռուպցիոն ազդեցություններից մաքրելու, նման ազդեցությունները բացառելու հարցը։
 
Վերադառնալով վարչապետի հայտարարությանը, որ պետական կառավարման համակարգում շատ կան սուրճ խմողներ, որոնք սպասում են, թե երբ պետք է ժամը գա, գնան տուն։ Կարելի՞ է ենթադրել, որ 2020 թվականին կրճատումներ կլինեն պետական կառավարման համակարգում։
 
Այս դեպքում խոսքը ոչ թե կրճատման մասին է, այլ համակարգը իրենց պարտքը կատարող պետական աշխատողներով համալրելը։ Այլ կերպ ասած, եթե մարդն ընդունվել է աշխատանքի ինչ-ինչ պարտականություններ կատարելու համար, ապա պետք է իր աշխատանքը պատշաճ կատարի։ Եթե չի կատարում, ինքն ուղղակի պետք է գնա այլ աշխատանքով զբաղվի։ Սա ոչ թե կրճատում է, այլ համակարգն իրապես աշխատողներով համալրելու գործընթաց։ Եթե մարդկանց կրճատես, բա այդ աշխատանքն ո՞վ է կատարելու։ Ես ձեզ խոստանում եմ, որ առաջիկայում մեծ փոփոխությունների փուլ է սկսվելու։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ