Գեղարքունիքում մեկնարկել է ձմեռային զորակոչը

16-12-2019 16:53:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկեց Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներից: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նորակոչիկները բանակ ճանապարհվեցին հանդիսավոր պայմաններում, մարզպետարանի, համայնքապետարանների, զինկոմիսարիատի աշխատակիցների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ծնողների ու հարազատների շնորհավորանքների ու մաղթանքների ներքո:
 


Սեւանի տարածաշրջանի համայնքների նորակոչիկները բանակ
ճանապարհվեցին Սեւանի համայնքապետարանի բակից, տոնական բարձր տրամադրությամբ: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը: «Մենք միշտ մնում ենք աղոթքով ձեզ համար, ձեր թիկունքում, որ միշտ կրեք Խաչի պարծանքը ձեր ուսերին եւ ձեր սրտերում, ու մենք երկու տարի անց ձեզ դիմավորենք խանդավառորեն»,-նորակորչիկներին օրհնանքի խոսքեր հղեց Տեր Ստեփանոս քահանան: Այնուհետ Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց ու շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիս շնորհավորում եմ այս տոնական օրվա կապակցությամբ: Մեր զավակներին բանակ ճանապարհելու ամեն միջոցառում պետք է դառնա այսպիսի տոն՝ երգի, պարի, ուրախ տրամադրության ներքո: Ուզում եմ հավատացնել ծնողներին ու հարազատներին, որ նրանց զավակները ծառայության ողջ ընթացքում գտնվելու են հուսալի ձեռքերում, բարվոք ու անվտանգ պայմաններում, որոնք օր օրի ավելի են բարելավվում: Նորակորիկներին մի հիմնական ու կարեւոր խնդրանք ունեմ՝ հարգել ու սիրել միմյանց, հեռու մնալ միջանձնային հարաբերություններ պարզելուց, ինչի արդյունքում մեր բանակում հաճախ են գրանցվում ողբերգական դեպքեր: Ես չեմ կասկածում, որ դուք ամուր եք կանգնելու թշնամու դեմ, բայց շատ ավելի անպարտելի կլինեք, եթե միշտ լինեք իրար հանդեպ փոխադարձ սիրով ու հարգանքով »,- նորակոչիկներին դիմեց մարզպետը:
 
«Հայ տղամարդու համար պետք է միշտ պատիվ լինի Հայոց բանակում ծառայելը: Մեր միակ ցանկությունն այն է, որ դուք ծառայեք միայն խաղաղ պայմաններում ու առողջ եւ կոփված տուն վերադառնաք: Մենք հոգով ու սրտով կլինենք ձեզ հետ, ձեր ընտանիքների կողքին»,-նշեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:
 
Նորակոչիկներին ողջունեցին ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաեւ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Բենիկ Սարգսյանը, նորակոչիկի պապ, Սեւան համայնքի բնակիչ Գուրգեն Տոնոյանը: Նորակոչիկներին պարային կատարումներով ողջունեցին Սեւանի մշակույթի տան պարային համույթի փոքրիկ սաները: Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ նորակոչիկները նվերներ ստացան Սեւանի համայնքապետարանի եւ ոստիկան վետերանների կողմից:
 
 
Խոսրով Խլղաթյան
Մուրադյանը:   Նորակոչիկներին
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար