Քոչարյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 2 օրից


Քոչարյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 2 օրից

  • 16-12-2019 19:07:11   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որի համաձայն՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։ Բացի այդ՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որով վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր գրառումը։
 
Մեղադրող և տուժող կողմը դեմ արտահայտվեց ներկայացված միջնորդությանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կասկած հայտնեց՝ նշելով, որ մամուլում շրջանառվող այդ տեղեկատվությունը պատահաբար չի տարածում ստացել։ Նշենք, որ մինչ այդ տեղի էր ունեցել դռնփակ նիստ, որի ժամանակ Ռ.Քոչարյանի փաստաբանները ցանկություն էին հայտնել որոշ տեղեկություններ ճշտել դատավորի կապերի վերաբերյալ։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 18 –ին՝ ժամը14,00 –ին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինս դեկտեմբերի 9-ին ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։
 
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք