Ամփոփվել է «Մանկագիրների և նկարազարդողների» մրցույթի արդյունքները


Ամփոփվել է «Մանկագիրների և նկարազարդողների» մրցույթի արդյունքները

  • 18-12-2019 10:05:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «IBBY Հայաստանը», «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ 2019 թվականի սեպտեմբերին հայտարարել էր «Մանկագիրների և նկարազարդողների» մրցույթ, որի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում, հայտնաբերել, խրախուսել ու հանրությանը ճանաչելի դարձնել մանուկների և պատանիների համար ստեղծագործողներին և նկարազարդողներին: 
 
Դեկտեմբերի 14-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մանկագիրների և նկարազարդողների» մրցույթի եզրափակիչ հանդիսությունը՝ մրցանակաբաշխությունը:
 
«Մանկապատանեկան գրքի նկարազարդում» և «Մանկապատանեկան արձակ» անվանակարգերի համար սահմանված էր երեքական մրցանակ։
 
1-ին մրցանակ. «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգում արժանացել է Լիլիթ Ալթունյանը /2020 թվականին՝ ուղևորություն արտերկիր և մասնակցություն մանկական գրքի նկարազարդման միջազգային վարպետության դասընթացի/:
 
«Մանկապատանեկան արձակ» անվանակարգում առաջին մրցանակի հաղթող չի ընտրվել։ Ժյուրիի կողմից հանձնվել է խրախուսական մրցանակ Գևորգ Տեր-Գաբրիելյանին, ում ստեղծագործությունը, ժյուրիի դիտարկմամբ, այն եզակի ստեղծագործություններից էր, որը հասցեագրված էր պատանիներին։
 
2-րդ մրցանակ. «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգում արժանացել է Ասյա Կանդիլյանը /ստեղծագործությունների հրատարակում/:
 
2-րդ մրցանակ. «Մանկապատանեկան արձակ» անվանակարգում արժանացել են Էդգար Թաթիկյանը և Հովիկ Մխիթարյանը /ստեղծագործությունների հրատարակում/:
 
3-րդ մրցանակ. «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգում Աննա Հակոբյանը և Ագաթա Հարությունյանը «կիսել են» մրցանակը /դրամական պարգև/:
 
3-րդ մրցանակ. «Մանկապատանեկան արձակ» անվանակարգում արժանացել է Օլգա Դարյանը /դրամական պարգև/:
ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի կողմից «Մանկապատանեկան արձակ» և «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգերում սահմանվել էր «Հատուկ» մրցանակ. «Արձակ» անվանակարգում «Հատուկ» մրցանակի է արժանացել Աննա Ասլանյանը, իսկ «Նկարազարդում» անվանակարգում՝ Լիլիթ Ալթունյանը /մրցանակակիրները համակարգիչներ են ստացել և հրավիրվել առաջիկայում վարպետության դասեր վարել մանկագիրների և նկարազարդողների համար/:
 
Նշենք, որ լավագույններին որոշելու նպատակով կազմվել էր 2 մասնագիտական ժյուրի. «Մանկապատանեկան արձակ» անվանակարգի ժյուրիի կազմ. Աստղիկ Բեքմեզյան /գրականագետ/, Ալվարդ Ջիվանյան /բանասեր, թարգմանիչ/, Կառլեն Մատինյան /բանասեր, թարգմանիչ/, Նունե Թորոսյան /մանկագիր, թարգմանիչ/, Լուսին Մամյան /ճարտարապետ/: «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգի ժյուրիի կազմ՝ Գոհար Սանոյան /Հ. Կոջոյան կրթահամալիրի տնօրեն, նկարիչ/, Արա Հովսեփյան /նկարիչ, արվեստագետ-մանկավարժ/, Հրաչ Ռուշանյան /գրաֆիկ նկարիչ, դիզայներ/, Տիգրան Առաքելյան /գրքի նկարազարդող, անիմատոր, ռեժիսոր, «Օֆ-օն» անիմացիոն կենտրոնի ղեկավար/, Գոռ Ենգոյան /արվեստագետ-համադրող/:
 
Շուրջ 2 ամիս տևած մրցույթին ՀՀ ամբողջ աշխարհագրությամբ ներկայացվել էր 120 աշխատանք՝ 79 գրական ստեղծագործություն և 41 նկարազարդում։
 
Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվել է «Ուզում եմ կարդալ» խորագրով մանկական բեմականացում, ցուցադրվել են երեխաների ընթերցելու իրավունքներին նվիրված տեսահոլովակներ. հանդիսությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play