Այբ դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի անդամներն ստեղծել են կենսաքայքայվող պլաստիկներ


Այբ դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի անդամներն ստեղծել են կենսաքայքայվող պլաստիկներ

  • 18-12-2019 16:20:09   | Հայաստան  |  Հասարակություն

«Այբ» ավագ դպրոցի աշակերտների նոր ձեռքբերումներ ու մեծ արդյունքներ ունեն, հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից:
 
«Այբ» դպրոցի կրթական ծրագրի մի մաս է կազմում նախագծային ուսումնառությունը (project-based learning), որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ Աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։
 
Նման մի խնդիր են լուծում նաև «Կանաչ քիմիա» ակումբի մասնակիցները՝ փորձելով ավելի մաքուր դարձնել մեր մոլորակը, ավելի պատասխանատու դարձնել մեզանից յուրաքանչյուրին: Նախագծում ներգրավված աշակերտները մեծ խանդավառությամբ և ոգևորվածությամբ փորձում են ստանալ էկոլոգիապես ավելի մաքուր արտադրանք՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը փոքր-ինչ մեղմելու բարի նպատակով:
 
«Կանաչ քիմիա» ակումբի անդամները հետազոտել և ստեղծել են թերմոպլաստիկ օսլայի հումքով ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։ Եվ ակումբի աշակերտների այս գյուտը՝ բնության մեջ կենսաքայքայվող պոլիմերների ստեղծման նրանց մշակած եղանակը, ստացել է գյուտի արտոնագիր Մտավոր սեփականության գործակալության կողմից և հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում։
 
Հատկանշական է, որ «Կանաչ քիմիա» ակումբի հետազոտություններն ու փորձերն ամբողջությամբ իրականացվում են «Այբ» դպրոցի քիմիայի լաբորատորիայում։ Իրենց ուսումնական ծանրաբեռնվածության հետ մեկտեղ մեր երեխաները ժամեր շարունակ աշխատում են «Այբ» դպրոցի աշխատարաններում և, չընկրկելով անհաջող փորձերի շարանի առաջ, հետամուտ են լինում ստեղծելու վերջնական հաջող արտադրանք ու այն արդյունավետ կիրառելու։
 
«Այբ»-ի աշակերտների ստեղծած բիոպլաստիկները կարող են իրենց ուրույն դերն ունենալ բնության աղտոտումը նվազեցնելու մեծ գործում։ Ներկա փուլում ակումբի անդամներն ուսումնասիրում են դրանց արտադրական գործընթացը սկսելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով ստանալ պատրաստի, ինքնաշխատ սարքի մոդել, որը կապահովի լաբորատոր պայմաններում բիոպլաստիկի թաղանթի ստացումը հեղուկ հումքից:
Նոյյան տապան  -   Հասարակություն