Ջանք չեմ խնայելու պաշտպանելու այն հեղափոխությունը, որը եղել է հանրության մեծագույն մասի սպասելիքը. Ստյոպա Սաֆարյան


Ջանք չեմ խնայելու պաշտպանելու այն հեղափոխությունը, որը եղել է հանրության մեծագույն մասի սպասելիքը. Ստյոպա Սաֆարյան

  • 19-12-2019 14:39:46   | Հայաստան  |  Քաղաքական

Այո, ջանք չեմ խնայելու պաշտպանելու այն հեղափոխությունը, որը եղել է հանրության մեծագույն մասի սպասելիքը, այն հեղափոխության, որի տոնակատարությունները հենց այս հրապարակում էին տեղի ունենում՝ ի դեմս նախկին իշխանությանը ճանապարհելու: 
 
Այս մասին դեկտեմբերի 19-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ միաժամանակ հորդորելով հեղափոխության նկատմամբ իր դիրքավորումը չհամարել քաղաքականացվածություն: 
 
«Հեղափոխությունն ինձ համար ջրբաժան է ոչ թե մարդկանց, այլ իրականությունների և ժամանակաշրջանների միջև. Հեղափոխությունն ինքը ջրբաժան էր Սահմանադրական կարգի տապալման և Սահամանդրական կարգի վերակագնման միջև»,- նկատեց Ս. Սաֆարյանը: 
 
Նրա խոսքերով՝  իր և բոլորի առաքելությունն է հեղափոխությունն ավարտին հասցնել՝ այն կապիտալիզացնելով և դրա արդյունքները հասարակությանն ավելի հասանելի դարձնելու ճանապարհով: 
 
ՀԽ ղեկավարի վստահեցմամբ՝ նոր պաշտոնում շարունակելու է իր սկզբունքային գործունեությունը և որևէ կերպ կաշկանդված չէ իշխանություններին քննադատել: 
 
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք որպես ՀԽ ղեկավար պատրաստ է համագործակցել արտախորհրդարանական և ոչ հեղափոխական ուժերի հետ՝ Ս. Սաֆարյանն ընդգծեց. 
 
«Ես բազմակարծության հետ խնդիր չունեմ, ոչ մեկի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, և եթե նրանք ցանկանություն ունեն աշխատելու Հանրային խորհրդի հետ, եթե նրանք նույնպես Հանրային խորհուրդը դիտարկում են որպես կառավարության հետ կապող օղակ, ապա ես պատրաստ եմ կատարել այդ գործառույթը»: 
 
Ի պատասխան լրագրողների մյուս դիտարկմանը, թե իր այս նշանակումն ինչպես Վազգեն Մանուկյանի դեպքում, այս դեպքում ևս կարող է ընկալվել որպես քաղաքական առևտուր՝ Ս. Սաֆարյանը նշեց, որ իր բազմամյա քաղաքական գործունեության արդյունքում բազմիցս նախկին իշխանությունների կողմից տարբեր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ է ստացել, բայց չի ընդունել, որովհետև պայման է դրվել անամակցել Հանրապետական կուսակցությանը, իսկ այժմ նման պայման չկա: 
 
Անդրադառնալով Հանրային խորհրդի նախկին նախագահի և իր միջև անհամաձայնություններին՝ Ս. Սաֆարյանը փաստեց.
 
«Առաջին իսկ օրից որևէ մեկի հեռացմամբ շահագրգռված չեմ եղել, վատ եք հետևել հանրային խորհրդի գործունեությանը, իմ ցանկությունն է եղել հստակեցնել, թե մենք ինչով ենք զբաղվում այդ կառույցում: Ինձ համար անհասկանալի է եղել, որ որպես քաղաքագետ նշանակված լինելով այդ մարմնում, ականատես եմ եղել այդ մարմինը քաղաքական խաղերում օգտագործելու անթաքույց նկրտումների, և դրա գագաթնակետն այն էր, երբ վերջին նիստում Վազգեն Մանուկյանը շարադրեց մի բան, որին ես չէի կարող չընդդիմանալ, դա Հանրային խորհրդի առաքելության վերասահմանման էր վերաբերում, այն է՝ հասարակությանը դեմ տրամադրել իշխանություններին»: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական