Միջոցները պետք է ուղղել նպատակային, գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը. վարչապետ


Միջոցները պետք է ուղղել նպատակային, գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը. վարչապետ

  • 19-12-2019 17:40:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 Գործադիրը հաստատել է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ. ռազմավարությունը: 
Առաջիկա տասը տարիների տեսլականն է գյուղական տարածքների ներառական զարգացումը և բարգավաճումը, գյուղական երիտասարդության զբաղվածության ապահովումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, երկրի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պարենային ապահովության բարելավումը և սննդամթերքի անվտանգության լավագույն համակարգի ներդնումը, գյուղատնտեսական բարձրարժեք ապրանքների արտահանման խթանումը։  Արդյունքում նախատեսվում է ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում կատարել  դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության։ Կայուն զարգացման ռազմավարությունը հիմնված է յոթ սկզբունքների վրա և միտված է ներառական աճին, գենդերային հավասարությանը և ինստիտուցիոնալ կայունությանը: Այդ սկզբունքները վերածվելու են նպատակների և դրանցից բխող միջոցառումների՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները։ 
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարվել պետբյուջեի շրջանակում՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի միջև: Մասնավորապես, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրն իրականացվում է նախատեսվածից ավելի մեծ ծավալով: Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2019 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ գումարով 8380 միավոր վարկ նախատեսված 21.7 մլրդ դրամ գումարով 5094 միավոր վարկի փոխարեն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից սուբսիդավորվող տոկոսների գումարն ավելացնել 100 մլն դրամով:  Ծրագրով՝  ընդհանոր բնույթի աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսություններին: Վարկի նվազագույն գումարը կազմում է  3 մլն դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ: Կառավարությունը սուբսիդավորում է 12 տոկոսային կետից 7-ը:   
 
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր խնդիրն է, այսպես ասած, ավանդական վարկավորման այդ փաթեթից միջոցներն ուղղել նպատակային,  մեր գյուղատնտեսության մեջ բովանդակային փոփոխություն բերող վարկավորմանը: Սա շատ կարևոր է, և մենք սրա համար ամեն ինչ պետք է անենք: Իհարկե, հասկանալի է, որ այդ բովանդակային ծրագրերի մեծ մասն այս տարի ենք սկսել, դա դեռ պետք է արագություն հավաքի: Բայց մենք պետք է շատ կոնկրետ այս խնդիրը լուծենք, որովհետև այս վարկավորման մեջ ավանդական ցիկլը, ցավոք, շատ է լինելու՝ վարկ վերցրեցի, ցորեն ցանեցի, կարկուտը տարավ, հիմա նոր վարկ պիտի վերցնեմ, որ հինը փակեմ, հետո նորից ցորեն ցանեմ, տեսնեմ կարկուտը կտանի՞, թե՞ ոչ: Դրա համար հիմա պետք է բովանդակային փոփոխություն, ապահովագրություն և այլն: Ընդհուպ մինչև նախորդ օրը, ռազմավարության շրջանակում քննարկել ենք, որ գյուղացիներին պետք է նաև բովանդակային օժանդակություն ցույց տանք, որովհետև այդ հուսահատ ցիկլը միևնույն է չի հաղթահարվի, եթե գործիքակազմի, գիտելիքի հմտության և իմացության փոփոխություն տեղի չունենա: Լավ, մի տարի կարող է կարկուտ չգա, նույնիսկ երկու տարի, բայց սրանով իրականությունը, գյուղացու կենսամակարդակը չի փոխվելու, հետևաբար, այստեղ էլ կրթական խնդիրը շատ կարևոր է: Ընդ որում, կրթություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքը. հողից շահույթ ստանալու գիտելիքը նույնպես շատ կարևոր է»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն