3 073 ուսուցչի եւ 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն


3 073 ուսուցչի եւ 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն

  • 23-12-2019 16:13:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 ՀԺ  Հեռու դպրոցն ու դժվար ճանապարհն այլեւս անհաղթահարելի խոչընդոտ չեն լինելու շուրջ 865 աշակերտների եւ 3 073 ուսուցիչների համար։
 
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Ըստ այդմ՝ ծրագրից օգտվող դպրոցների, աշակերտների եւ ուսուցիչների թիվը կմեծանա։ Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։
 
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին եւ աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են գնում: 
 
 
Ծրագրում 2020 թ.-ի հունվարի 1-ից ընդգրկվող դպրոցների թիվը կարելի է ասել քառապատկվել է՝ 196-ից դառնալով 758։ Ըստ այդմ՝ուսուցիչների թիվը 1 166-ից դարձել է 3 073, իսկ աշակերտների թիվը հասել է մինչեւ 865-ի։
 
Ինչպես հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից, գործընթացի իրականացման համար նախատեսված միջոցների աճը կապված չէ նոր դպրոցների կամ դասարանների թվի կրճատման հետ։ Ֆինանսական միջոցները նախատեսվել են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով։ Ըստ որի՝ հանրակրթական դպրոցների մանկավարժների եւ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու։ Գալիք տարվա համար  նախատեսված է 276 մլն դրամ՝ 2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը։ Նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ։
 
Հավելենք նաեւ, որ ծրագրով փոխհատուցումը տրամադրվում է այն մանկավարժներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրի դպրոցի ուսուցիչ են՝ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով։ Այդ ուսուցիչները պետք է ընդգրկված չլինեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» եւ նման այլ ծրագրերում։ Նախարարությունը նշել է նաեւ բնակության վայրից դպրոցի հեռավորությունը․ այն պետք է լինի ավելի, քան 5 կմ-ը։
 
Դպրոցահասակ երեխաների դեպքում եւս՝ ծրագրից կարող են օգտվել այն աշակերտները, որոնք իրենց բնակավայրում հանրակրթական դպրոցի տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված՝ ուսումը ստանում են այլ վայրում։ Այս դեպքում եւս հեռավորության չափը նույնն է։
 
Անի Ավագյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը