Թովմաս Գրիգորյանը խոսել է ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքների բողոքարկման հնարավորության մասին
23-12-2019 17:37:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն անդրադարձավ ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքների բողոքարկման հնարավորությանը։
«Արդյունքներն այս պահին չեմ գնահատի: Բողոքարկման հետ կապված որոշումը կկայացնեմ վաղը: Որոշում պետք է կայացնեմ առանց էմոցիաների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Նա ՀՖՖ նախագահի ընտրությունը որակեց աննախադեպ, քանի որ ընտրությանը մասնակցում էին երկու թեկնածու, և կար մրցապայքար, որը, ըստ թեկնածուի, անհավասար էր: «Մելիքբեկյանն աջակցություն ուներ և օգտվում էր ՀՖՖ ռեսուրսներից: Անկախ ամեն ինչից, ես շարունակելու եմ ֆուտբոլի զարգացմանն ուղղված իմ գործունեությունը»,-շեշտեց Գրիգորյանը:
ՀՖՖ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներով նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 23 պատվիրակ: Արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 ձայն: 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր: