Կալիֆորնիայի ՔԿՎ պայմանական ազատ արձակման հարցերով խորհուրդը բավարարել է Համբիկ Սասունյանի դիմումը


Կալիֆորնիայի ՔԿՎ պայմանական ազատ արձակման հարցերով խորհուրդը բավարարել է Համբիկ Սասունյանի դիմումը

  • 30-12-2019 12:15:12   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհուրդը լիբանանահայ Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակելու հնարավորություն է ընձեռել:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Խորհրդի պաշտոնական կայքը:
 
Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի դեկտեմբերի 29-ի որոշումը պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից և ենթակա է նաև բողոքարկման:
 
Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ: Նրա վրա կրակած երկու անձանցից մեկը Սասունյանն էր: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել սպանության պատասխանատվությունը:
 
Սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է՝ ի նշան վրեժի օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանության: 1984թ. դատարանը վճռել էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի՝ ընդգծելով, որ սպանությունն իրականացվել է Արըքանի ազգային պատկանելության պատճառով:
 
Սասունյանն ի սկզբանե մերժում էր հյուպատոսին սպանելու փաստը և միայն սպանությունից 20 տարի անց՝ 2002թ. նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանել է իր դերակատարությունը Արըքանի սպանության գործում՝ նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցավը:
 
Հանցանքը խոստովանելու դիմաց դատախազները համաձայնեցին նրա մեղադրականից հանել «սպանություն ազգային հողի վրա իրականացնելու» դրույթը, ինչը նրան պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր ընձեռելու:
 
Պայմանական ազատ արձակման հարցով դատական լսումները տեղի են ունեցել 2006թ., ապա 2010թ., սակայն երկու դեպքում էլ մերժվել են: 2016թ. ներման դիմումները քննող հանձնախումբն ի վերջո առաջարկել է քննարկել նրա ազատ արձակման հարցը՝ ընդգծելով, որ Համբիկ Սասունյանը մանուկ հասակում տրավմայի է ենթարկվել Լիբանանի պատերազմի հետևանքով, ընդունել է իր հանցանքը, խղճի խայթ է զգացել ու բանտում մասնակցել է տարբեր դասընթացների: Սակայն այս անգամ նրան ազատ արձակելու հարցում 2017 թ. վետո կիրառեց Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը:
 
Ուշագրավ է, որ Բրաունի միջամտությունը հաջորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:
 
Թուրթիայի Արտաքին գործերի նախարարությունն արդեն դատապարտել է Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի որոշումը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը