«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված եւ չհիմնավորված էր. «Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,-ասաց նա:
Պաշտպանը չցանկացավ այս պահին քրեական գործից այլ մանրամասներ հայտնել:
Նարեկ Սարգսյանի կալանավորումը վերահաստատվել էր դեկտեմբերի 24-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը։
Սարգսյանը մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:
2018 թվականի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Մեկ տարի անց՝ դեկտեմբերի 6-ին նա հայտնաբերվել էր Պրահայում՝ փաստաթղթերի ստուգման ժամանակ ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
Դեկտեմբերի 10-ին արդեն ՀՀ դատախազությունը հայտնեց, որ իրենց միջնորդությունը բավարարվել է, եւ Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ: Դեկտեմբերի 21-ին նա ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: