Որակյալ աշխատանքը բացակայում է Հայաստանում բոլոր ընդդիմությունների մոտ, միայն քննադատելն արդյունք չի տալիս. Վիգեն Հակոբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Որակյալ աշխատանքը բացակայում է Հայաստանում բոլոր ընդդիմությունների մոտ, միայն քննադատելն արդյունք չի տալիս. Վիգեն Հակոբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-01-2020 19:11:33   | Հայաստան  |  Քաղաքական



2020 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ է կանխատեսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: 
 
Վերջինս հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2020 թվականի վերջը հանդսիանալու է այն սահմանագիծը, երբ Սահմանադրությամբ իշխանությանը տրված կառավարման ժամկետը կիսվում է, ինչը նշանակում է, որ մոտենում է հերթական խորհրդարանական ընտրությունների ժամկետը և հատկապես ընդդիմադիր դաշտում սկսվելու են տրանսֆորմացիաներ, վերաֆորմատավորումներ: 
 
Ըստ քաղտեխնոլոգի՝ այն ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք նպատակ ունեն գոյատևել և արդյունքների հասնել ապագայում, արդեն պետք է դիրքավորվեն դաշտում: 
 
«Որակյալ աշխատանքը 30 տարի է՝ բացակայում է Հայաստանում բոլոր ընդդիմությունների մոտ, միայն քննադատելն արդյունք չի տալիս»,- նկատեց Վ. Հակոբյանը: 
 
Նրա խոսքերով՝ ընդդիմադիր դաշտում մի քանի շրջանակներ կան, որոնք որոշակի ակտիվություն են ցուցաբերում դեռ նախորդ տարվանից: 
 
«Մի սեգմենտը դա այսպես կոչված նախկին իշխանություններն են, որոնք հեղափոխության արդյունքում առնվազն մեխանիկորեն դարձան ընդդիմություն: Դա նախևառաջ հանրապետականներն են, ՀՅԴ-ն է և որոշ չափով ինչ-որ արբանյակ փոքր կուսակցությունները: Երկրորդ սեգմենտն արդեն ձևավորվող նոր քաղաքական ուժերն են, որոնք սկսել են ձևավորվել թե 2018, թե 2019 թվականներին: Դրանց մեջ արդեն կան ակտիվ քաղաքական ուժեր, որոնք առայժմ որոշակի ակադեմիական ոճի մեջ են»,- ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ դրանք փորձելու են ավելի ինստիտուցիոնալ դառնալ կառուցվածքի, ֆինանսական ամրապնդության, արտաքին քաղաքական կապերի առումով: 
 
Ամփոփելով 2019 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանում տեղի ունեցած իրադարձությունները՝ Վ. Հակոբյանը փաստեց, որ նախորդ տարին 2018-ից չտարբերվեց իշխանությունների հռետորաբանությամբ, գործողությունների տրամաբանությամբ: 
 
«Պետք է փաստենք, որ ամբողջ 2019 թվականի ընթացքում մարդկանց բաժանումը սև-սպիտակների, հեղափոխական- հակահեղափոխականների, նվիրյալների և սաբոտաժնիկների, շարունակվեց։ Այս կոշտ բաժանումն աշխատող մեխանիզմ է, երբ ինչ-որ բան կազմաքանդում ես: Կարծում եմ՝ այս մարտավարությունը զգալիորեն ազդեց  2019 թվականի ընդհանուր մթնոլորտի վրա, որովհետև այն կոնստրուկտիվ աշխատանքի, համախմբման տրամադրություններ առանձնապես չէր ձևավորում»,- նշեց նա: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play