Զինվորի արյան համար որևէ մեկը չի կարող պլստալ պատասխանատվությունից, վերջ


Զինվորի արյան համար որևէ մեկը չի կարող պլստալ պատասխանատվությունից, վերջ

  • 13-01-2020 10:18:45   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am- ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը:
 
Պարոն Նորիկյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակում զինվորների մահվան ցուցանիշով պատմական մինիմում է գրանցվել 2019 թվականին: Արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ այս վիճակագրությունը միանշանակ չպետք է ընդունել և այդ առումով այնքան էլ ուրախանալու առիթ չունենք։ Ձեր կարծիքով՝ արդյոք  ունե՞նք աննախադեպ իրավիճակ այս առումով։
 
Անգամ եթե դա ունենք, զինված ուժերի խորագույն ողբերգություններից մեկն այն է, որ մարդկային ճակատագրերը համարում ենք վիճակագրության օբյեկտ և փորձում ենք ցույց տալ վիճակագրական տվյալների բարելավումը։ Նախ ասեմ, որ խաղաղ, ոչ մարտական պայմաններում թեկուզ մեկ զոհի առկայությունը ուղղակի խայտառակություն է զինված ուժերի համար։ Ես կարծում եմ, որ պետք է խորքային վերլուծություններ, հետազոտություններ կատարվեն և այդ թիվը պետք է հասնի զրոյի։ Ինչ վերաբերում է ներկայացված թվերին, ըստ որի՝ բանակում զոհերի թիվը եղել է 49, ապա եթե այդ թիվը բաժանում ես ամիսների վրա, սա նշանակում է, որ յուրաքանչյուր ամիս տալիս ենք 3-4 կորուստ։ Մեր փոքրիկ երկրի համար սա ուղղակի աղետալի թիվ է։ Այո, հնարավոր է, որ մարտական պայմաններում զոհերի թիվը տեսանելի լինի, բայց դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով. նախ սահմանին հարաբերականորեն անդորրի հանգամանքն է, ինչը կարող է պայմանավորված լինել ոչ միայն բանակցություններով, այլ նաև Հայաստանի բանակի և Արցախի պաշտպանության բանակի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով նորագույն տեխնոլոգիաների տեղադրմամբ, ինչը, ըստ էության, նվազեցրել է դիվերսիոն ներթափանցման փորձերը, և դրա արդյունքում մարտական պայմաններում կորուստների թիվը նվազել է։ Երկրորդ, դիպուկահարների գործողության չեզոքացումն է եղել։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շեշտակի նվազում կա, բայց ոչ մարտական պայմաններում մահվան ցուցանիշ ուղղակի չպետք է լինի, որովհետև այդ զոհերի մեծ մասը հետևանք է հանցավոր բարքերի, ոչ ֆորմալ ինստիտուտների, այն չգրված օրենքների կիրառման, որոնց հետևանքով մենք ունենում ենք այդ ողբերգական զոհերը։ Երեկ հրապարակված տվյալներով միայն 10 ինքնասպանության դեպք ունենք։ Սա պետք է ուղղակի տագնապ լիներ, որ ՀՀ զինված ուժերում կարող է ոչ մարտական պայմաններում այդ չափի զոհեր լինեն։ Բնականաբար, թվերը կարող են որոշակի տրամադրություն ստեղծել, բայց մի մոռացեք, որ այդ թվերի տակ ողբերգություններ են։
 
Ամեն դեպքում, հեղափոխությունից հետո բանակում ոչ կանոնադրային հարաբերությունները, միջանձնային հարաբերությունները այդպես էլ մնում են չլուծվա՞ծ։
 
Իհարկե, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, եկեք բացառենք, որ մեր զինված ուժերում 1,5 տարվա ընթացքում կարող են իրականացվել այնպիսի խորքային բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտային խոսել որակապես նոր զինված ուժեր ունենալու մասին։ Երկրորդ, նոր տեսակի սպառազինության ձեռքբերումը շատ լավ է, ես ողջունում եմ, բայց եկեք մի շատ կարևոր բանի մասին չմոռանանք. մենք Սահմանադրությամբ էլ ենք ամրագրել, որ մեր ամենաթանկ կապիտալը մարդն է, երբեմն մենք ենք մարդուն թերագնահատում զինված ուժերում։ Այսինքն մենք զինված ուժերի համալրման խնդիր ունենք, ժողովրդագրական ճգնաժամ ունենք, բանակում պայմանագրային և պարտադիր զինծառայության խառը համակարգի խնդիր ունենք,  պրոֆեսիոնալ բանակի կայացման խնդիր ունենք։ Եթե մենք չենք ստեղծելու պրոֆեսիոնալ բանակ, պարտադիր զինծառայության համակարգով չենք կարող վերջնարդյունքում ապահովել այնպիսի մարտունակ բանակ, որը կլուծի ՀՀ անվտանգության խնդիրը։ Սա այն ֆոնին, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է ներքաշվել պարտադրված պատերազմի մեջ։ Քանի դեռ մենք չենք գտել զինված ուժերի համալրման խնդիրը, քանի դեռ զինված ուժերում մարդու իրավունքները չենք հասցրել լիակատար ապահովման, պատկերացրեք իրավազուրկ զինծառայողից մենք ակնկալենք բարոյահոգեբանական բարձր մթնոլորտ, դա չի լինելու։ Եթե զինված ուժերում չի հարգվում զինծառայողի իրավունքը, կաղում է կարգապահական հիերարխիան, այսինքն շարքային զինվորը չի կարողանում իրացնել իր բողոքարկման իրավունքը, ինչի՞ մասին է խոսքը։ Ավելի լավ է ոչ թե վիճակագրական տվյալները հրապարակեն, այլ այդ վիճակագրական տվյալների արդյունքում իրականացված քայլերի արդյունքները ցույց տային։ Ասենք, ասեն՝ մենք իրականացրել ենք այս-այս գործնական քայլերը։ Ես շատ լավ հիշում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հայտարարեց, որ հայոց բանակի զինվորների մայրերը հերիք է տռուսիկ-մայկա ուղարկեն իրենց որդիների համար։ Հիմա հարց տանք՝ վերացե՞լ է այդ խնդիրը։ Դուք հնարավորություն կունենաք հարցնելու, ասեք՝ պարոն վարչապետ, վերացե՞լ է զինված ուժերի զինծառայողներին ծնողների կողմից հագուստ ուղարկելու խնդիրը։
 
Այդ խնդիրը չի՞ վերացել։
 
Իհարկե, չի վերացել։ Եթե վերացած լիներ, մենք զինվորական հագուստի խանութներ չենք ունենա։ Գնացեք վերնիսաժ ու կտեսնեք, որ այդ խանութները կան, գործում են և ովքեր են այնտեղից առևտուր անում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չի վերացել։ Չի վերացել նաև սնունդ ուղարկելու, այսպես ասած, տուլիկների ինստիտուտը։
 
Կա տեսակետ, որ ոչ միայն զոհերի նվազումը ոգևորության առիթ չի տալիս, նաև հարուցված քրեական գործերը մեծ հաշվով մինչև վերջ չեն բացահայտվում, ինչը նույնպես մեծ մարտահրավեր է։
 
ՀՀ զինված ուժերում ողբերգությունների մեծ մասը հանցավոր բարքերի առկայության խնդիր է։ Երկրորդ, եթե տարիներ շարունակ զինված ուժերում մահվան ելքերով արձանագրված դեպքերը բացահայտվեին, մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, բանակում տիրեր կանխարգելիչ մթնոլորտ, ընդհանրապես, բանակում փոխհարաբերությունները դրվեին ոչ թե չգրված օրենքների, այլ ռեալ զինվորական կանոնագրքի վրա, մենք այսօր որակապես այլ զինված ուժեր կունենայինք։ Մենք այսօր կխոսեինք ընդհանրապես չբացահայտված հանցագործության չգոյության մասին։ Ես հարց եմ ուզում տալ՝ կարելի՞ է մահացած զինվորների ծնողների հարցերին վերջնական լուծում տալ։ Տարբեր հանձնաժողովներ ստեղծելով, մոնիտորինգներ իրականացնելով, մենք այս խնդիրը չենք լուծելու։ Քրեական գործերի տերը Քննչական կոմիտեն և դատախազությունն են։ Այդ երկու մարմիններն ուղղակի պարտավոր են իրենց աչքերը փակել, չտեսնել, թե ում վերաբերյալ է գործը, և իրականացնել օբյեկտիվ քննություն։ Եթե կպարզվի, որ իսկապես կան մեղավորներ, ապա անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, ով լինելուց, նրանց պետք է բերել պատասխանատվության։ Պետք է կարմիր գիծ գծել, որ մարդու արյունը, զինվորի արյունը գին չունի։ Զինվորի արյան համար որևէ մեկը չի կարող պլստալ պատասխանատվությունից, վերջ։ Իսկ մենք մեր գրասենյակում գործ ունենք, որ 4-րդ տարին է, որ զինվորը պաշտոնական տվյալներով ինքնասպան է եղել, չնայած տուժողի հարազատները պնդում են, որ իրենց երեխային սպանել են։ Ես էլ ունեմ լիքը կասկածներ, որ զինվորի մահը այնպես չի եղել, ինչպես ներկայացվում է։ 4 տարի շարունակ չենք կարողանում ճշտել, թե այդ երեխան ինչից է մահացել։ Անգամ եթե ինքնասպանություն է եղել, ո՞վ է հասցրել դրան։ Դրա հետևանքով այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play