Մենք միշտ պետք է պատրաստ լինենք սրացումների, այդ թվում Արցախի հարցում. քաղտեխնոլոգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մենք միշտ պետք է պատրաստ լինենք սրացումների, այդ թվում Արցախի հարցում. քաղտեխնոլոգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-01-2020 15:05:47   | Հայաստան  |  Քաղաքական



Մենք միշտ պետք է պատրաստ լինենք սրացումների, այդ թվում Արցախի հարցում: 
 
Նման կարծիք հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքականությանը: 
 
Ըստ նրա՝ տարեսկզբից արդեն ականատես ենք դառնում, թե ինչպիսի զարգացումներ են լինում տարածաշրջանում: 
 
«Այն հակամարտությունը, որը եղավ Իրանի և ԱՄՆ-ի միջև, ճիշտ է՝ ես երբեք էլ չեմ ասում, որ դա ապոկալիպտիկ էր, բայց մատների արանքով նայել էլ չի կարելի դրան, և ես կարծում եմ՝ դա շարունակություն է ունենալու: Իսկ այդ շարունակությունը նշանակում է, որ դա լինելու է առնվազն մեր կողքերը, ինչը նորություն չի»,- նկատեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ պրոցեսներն այնքան արագ են զարգանում, որ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է պատրաստ լինի հնարավոր սրացումներին: 
 
Արցախում սպասվող ընտրությունների և դրանից բխող զարգացումների հետ կապված էլ Կ. Քոչարյանը կոչ արեց լրագրողներին և քաղաքական փորձագետներին հնարավորինս զուսպ մեկնաբանել այնտեղ ընթացող գործընթացները:
 
Նա նկատեց, որ հասարակական կարծիքի ձևավորման վրա այսօր լուրջ ազդեցություն ունի ֆեյսբուք սոցիալական հարթակը, որտեղ կարծիք են արտահայտում մարդիկ, որոնք կարող են լրջորեն վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը: 
 
Քաղտեխնոլոգի խոսքերով՝ դրա ականատեսը եղանք հունվարի սկզբին, երբ ֆեյսբուքյան ինչ-որ օգտատեր գրեց, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին, և այդ լուրն արագությամբ հասավ ոչ միայն Ադրբեջան, այլև Իրան: 
 
Նրա դիտարկմամբ՝ հաջորդ անգամ նման իրավիճակներից խուսափելու համար առաջին հերթին պատասխանատուները պետք է ոչ միայն շատ զգոն լինեն, այլև նախահարձակ. «Անմիջական պատասխանատուները չպետք է թողնեին, որ նման բան լիներ, ավելին՝ պետք է նախահարձակ լինեին, որ Իրան հասներ ոչ թե այն, որ Փաշինյանն է շնորհավորել Թրամփին, այլ՝ Ալիևը, առավել ևս, որ դրա հիմքերն ավելի շատ կային»,- ընդգծեց Կ. Քոչարյանը: 
 
Նրա համոզմամբ՝ պետական կառույցները պատշաճ կերպով չեն աշխատում հասարակության և լրատվամիջոցների հետ, և այստեղ խնդիրը բոլորովին էլ թափանցիկ գործելաոճի մեջ չէ: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play