Էժան ավիատոմսերով Միլանից Երևան և հակառակ ուղղությամբ. Ryanair -ն իրականացրել է առաջին չվերթը


Էժան ավիատոմսերով Միլանից Երևան և հակառակ ուղղությամբ. Ryanair -ն իրականացրել է առաջին չվերթը

  • 15-01-2020 18:15:52   | Հայաստան  |  Հասարակություն



Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքն հայկական ավիաշուկա այլևս իրականություն է. Հունվարի 14-ին կայացել է Միլան-Երևան առաջին չվերթը: 
 
Ավանդույթի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած օդանավն անցել է ջրային կամարի տակով, իսկ Հայաստան ժամանած հյուրերին  նվերներով դիմավորել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Տ. Ռևազյանը, Միլան-Երևան թռիչքն իրականացնող օդանավը բավականին լեցուն է Հայաստան ժամանել, իսկ ուղևորներն ունեցել են բարձր տրամադրություն: 
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը խոստացել է ուղևորների թվի և ազգության հետ կապված կոնկրետ տվյալներ տրամադրել ավելի ուշ, երբ համապատասխան ուսումնասիրություն կիրականացնեն: 
 
«Արդեն Ryanair-ը վեց ուղղություն է բացել՝ Հռոմ, Միլան, Բեռլին, Մեմինգեն, Աթենք, Սալոնիկ: Բացի Ryanair-ից, Wizz Air-ն էլ է հայտարարել ուղղություններ՝ Վիլնյուս, Վիեննա, Air Baltik-ը հայտարարել է Ռիգան, Transavia-ն՝ Փարիզ Օղլին: Այսինքն՝ այս բոլոր ընկերությունները լոուքոսթեր են, և ինձ թվում է՝ շատ լուրջ մրցակցություն կստեղծեն Հայաստանում»,- ընդգծել է Տ. Ռևազյանը՝ հավելելով, որ Հայաստանից դեպի Եվրոպա նախկին 7 ուղղության փոխարեն, այժմ գործում է 17-ը: 
 
Անդրադառնալով տոմսերի գների հետ կապված հնարավոր խնդիրների առաջացմանը՝ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը խորհուրդ է տվել ուղևորներին բյուջետային ավիաընկերությունների ծառայություններից օգտվելիս՝ հատուկ ուշադրություն դարձնել ճամպրուկների թույլատրելի չափին, տոմսի արժեքի մեջ չմտնող հավելյալ ծառայությունների գներին՝ նախօրորք ճշտելով ամբողջ տեղեկատվությունը: 
 
Ryanair-ով Միլանից Հայաստան ժամանած Սոնա Ստեփանյանի խոսքերով՝ առաջին չվերթն իր համար բավականին հետաքրքիր է անցել: 
 
«Գնացի օդանավակայան տեսա, որ Նիցայից ընկերներ ունեմ, Փարիզից ընկերներ կան, որ եկել են հենց առաջին թռիչքով թռչեն, որովհետև նույնիսկ այդ դեպքում բավականին մատչելի է ստացվում: Թռիչքն անցավ շատ լավ, մարդկանց խորհուրդ կտամ կարդալ, հասկանալ՝ ինչքան ուղեբեռ վերցնել, որովհետև խախտումների դեպքում, բնականաբար, պետք է վճարում անել»,- նշել է նա: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play