Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

15-01-2020 18:35:14   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարությունը հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը կայացել է Պուտինի՝ ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո: Ռուսաստանի նախագահը մի շարք սահմանադրական փոփոխություններ էր առաջարկել:
 
«Այդ փոփոխությունները, որոնք կընդունվեն, ամենայն հավանականությամբ, զգալի փոփոխության կենթարկեն ոչ միայն սահմանադրության մի շարք հոդվածներ, այլ նաև օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռությունը»,- Պուտինի հետ հանդիպմանը նշել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
 
«Այս համատեքստում, մենք՝ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է հնարավորություն տանք մեր երկրի նախագահին ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումները, և այս պայմաններում ես կարծում եմ, որ ՌԴ սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ ճիշտ կլիներ, որ ՌԴ կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական տա»,- հավելել է Մեդվեդևը:
 
Մեդևվեդևի հայտարարությանն ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Դմիտրի Մեդվեդևին զբաղեցնել Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Խորհրդի ղեկավարը ՌԴ նախագահն է, իսկ տեղակալի պաշտոն դեռևս չկա, որը, սակայն, առաջարկվում է ստեղծել:
 
Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարություն անդամներին համատեղ աշխատանքի համար և խնդրել է կառավարությանը ամբողջությամբ կատարել իր պարտականությունները՝ մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը:
 
Ինչ փոփոխություններ է առաջարկում Պուտինը ՌԴ սահմանադրությունում
 
Կառավարության անդամների հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահը ուղերձ էր հղել երկրի Դաշնային ժողովում՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը մասնավորապես առաջարկել է հետևյալ փոփոխությունները.
 
ամրագրել Ռուսաստանի սահմանադրության գերակայությունը միջազգային պայմանագրերի նկատմամբ,
արգելել պաշտոնյաներին և դատավորներին ունենալ այլ երկրի քաղաքացիություն կամ այլ երկրում բնակության թույլտվություն,
պահանջել երկրի նախագահների թեկնածուներից, որ նրանք առնվազն 25 տարի անընդհատ ապրեն Ռուսաստանում և երբեք չունենան այլ երկրի քաղաքացիություն,
հեռացնել «անընդմեջ» բառը այն հոդվածից, որն արգելում է ՌԴ նախագահ ընտրվել անընդմեջ երկու անգամից ավել,
ստեղծել հանրային իշխանության համակարգ, որի մեջ կմտնեն ինչպես պետական իշխանության մարմինները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները,
ամրագրել աշխատանքի նվազագույն վարձատրության չափը և կենսաթոշակների պարտադիր ինդեքսիկացիան,
նախագահից՝ Պետական դումային փոխանցել վարչապետի և կառավարության անդամների հաստատումը,
իրավունք տալ Դաշնային խորհրդին՝ ազատել դատավորներին զբաղեցրած պաշտոններից,
Սահմանադրական դատարանին լիազորություն տալ՝ ստուգել նախագահի դիմումով օրենքների սահմանադրականության հարցը մինչև դրանց ստորագրումը:
Կառավարության մոտ կանգնած BBC-ի աղբյուրը նշել է, որ կառավարության անդամները նախապես չեն իմացել հրաժարականի մասին: Այն մասին, որ Պուտինը պատրաստվում է հանդիպել կառավարության հետ, հայտնի է դարձել ուղերձի հղման ժամանակ: «Բայց մենք կարծում էինք, որ հանդիպումը տեղի է ունենալու ուղերձում նշված կետերը իրացնելու հարցով»,- ասել է BBC-ի աղբյուրը:
 
Լուսանկարը՝ © РИА Новости / Дмитрий Астахов
 
 
 


 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 949 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար