ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է համարում


ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է համարում

  • 16-01-2020 12:21:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որպես իրավական գործիք հնացած է համարում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովում ընթացող տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
 
«Նախորդ տարի ես հանդես եկա հայտարարությամբ, համաձայն որի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում: Այն, ըստ մեզ, որպես իրավական գործիք հնացած է, և չի համապատասխանում արդեն ետհեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին և դրանց տրամաբանությանը: Նախորդ տարվա մեր հայտարարությանը համապատասխան՝ հետևողականորեն շարժվում ենք առաջ: Այսօրվա խորհրդարանական լսումները, որ նախաձեռնվել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, նպատակ ունեն այս բարձր ամբիոնից վեր հանել ոլորտում առկա խնդիրները, և մեր կողմից ծաղկաքաղ անել այն առաջարկների, որոնք տեղ կգտնեն արդեն օրենքի նախագծում»,- ասաց Հայրապետյանը:
 
Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play