Մենք մերժում ենք մեր երկիրը քայքայող ներդրումները. Լիդիանի ԲՓ-35 եզրակացությունն ԱՊՕՐԻՆԻ է


Մենք մերժում ենք մեր երկիրը քայքայող ներդրումները. Լիդիանի ԲՓ-35 եզրակացությունն ԱՊՕՐԻՆԻ է

  • 16-01-2020 13:40:50   | Վայոց ձորի մարզ  |  Վերլուծություն

        Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս չի կատարում օրենքի պահանջը՝ ուժը կորցրած չի ճանաչում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրող նախկինների ԲՓ-35 դրական եզրակացությունը, թեև՝                                 
 
1. հանքի շահագործումը մինչև 2017թ. ապրիլի29-ը չի սկսվել, որից հետո ԲՓ-35-ը իրավական ուժ չունի;
2. ԲՓ-35-ը դրական է տրվել ՀՀ օրենսդրության բազմաթիվ պահանջները խախտելով, հակասելով ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերին և՝ կորրուպցիոն գործարքով;
3. տվյալ նախաձեռնության վերաբերյալ որոշումները կայացվել են խախտելով ազդակիր համայնքի մասնակցության իրավունքը;
4. հանքի շահագործման ՇՄԱԳ-ի վերաբերյալ առկա է միջազգային անկախ փորձագիտական խմբի եզրակացությունը, որտեղ նշվում են բազմաթիվ թերություններ, խախտումներ;
5. առկա են նաև ՀՀ գիտական շրջանների, մասնագիտական կենտրոնների, անկախ փորձագետների, հանրային կառույցների բազմաթիվ հիմնավորումները, բացասական կարծիքները, Ամուլսարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը;
6. տնտեսապես այս նախաձեռնությունը ՀՀ համար ոչ թե օգտակար է, այլ՝ վնասակար (մանրամասն՝ Ամուլսարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը https://www.lragir.am/2019/09/24/478527/,  https://www.1in.am/2629849.html, https://www.aravot.am/2019/09/24/1068012/): 
        Եվ լիդիանը սնանկանալով հանդերձ՝ պահպանում է Ամուլսարի շահագործման իր հանքային իրավունքը, որը կարող է վաճառել, կամ այլ կերպ տնօրինել՝ ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի: Ուստի հարկ ենք համարում տեղեկացնել աշխարհի բոլոր բորսաներին, ներդրողներին, միջազգային կազմակերպություններին, վարկավորող կառույցներին
 
Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ՝
        Մենք խիստ շահախնդիր կերպով պաշտպանելու ենք մեր կենսագործունեության միակ միջավայրը՝ իրացնելով մեր սահմանադրական իրավունքը: Ուստի առաջարկում ենք ՄՈՌԱՆԱԼ Ամուլսարի ոսկու, արծաթի, ուրանի և թորիումի մասին, դրանք երբեք ձերը չեն եղել և չեն լինի: ՀՀ մետաղական հանքերը ՀՀ բնական հարստությունն են, հետևաբար՝ այդ հանքերի շահագործման հարցն իրավասու է որոշել նորին գերազանցություն ՀԱՅ ԺՈՂՈՎՈւՐԴԸ:
        Սա ազդակ է բոլոր ներդրողներին, վարկավորողներին, բորսաներին, միջազգային ֆինանսական և այլ կազմակերպություններին՝ այն մասին, որ ՀՀ պատասխանատու քաղաքացիներն այլևս երբեք չեն հանդուրժի որևէ կերպ ձեռք բերված որևէ հանքային իրավունքի գործադրում, որով աղտոտվելու են մեր ջինջ գետերը, Վայոց Ձորի և Սյունիքի հողերը, ոչնչացնելու են մեր էնդեմիկ մրգերը, մեր լեռնային մեղրատու բուսականությունը, վատթարացնելու են մեր մարդկանց առողջությունը, վտանգելու են մեր Ջերմուկ առողջարանի բնական բուժիչ աղբյուրները, Կեչուտի ջրամբարն ու Սևանա լիճը՝ 1տոննայից 0,78գրամ ոսկու կորզման համա՞ր։ 
        Գումարներ ծախսելով Ամուլսարի անհույս <հանքային եկամուտների, շահույթի> նպատակով, ցանկացած հզորության ներդրող բազմապատիկ վնասներ է կրելու՝ վճարելու է լիդիանի ընդերք-օգտագործման ապօրինի <իրավունքի>, հնարավոր է նաև՝ տեղում մնացած կիսակառույցների ավարտի, սարքավորման, սարքերի համար; ծախսեր է կատարելու ՀՀ տարածքում գրասենյակ և թանկարժեք աշխատակազմ պահելու համար: Բայց գնորդը հանքը շահագործելու հնարավորություն չի ունենա: Ցանկացած հանքային նախաձեռնություն սկսող կամա-ակամա ի սկզբանե պետք է հաշվի առնի ազդակիր համայնքների ՀԻՄՆԱՎՈՐ և խիստ բացասական դիրքորոշումը: Ամուլսարի հանքի շահագործման պատճառով մարդիկ կորցնում են իրենց կենսագործունեության միջավայրը, հետևաբար՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ և հնարավոր բոլոր միջոցներով ԿԱՐԳԵԼԱԿԵՆ հանքի շահագործումը, քանի որ՝
• ակնհայտ են վտանգները մարդու կենսագործունեության միջավայրի նկատմամբ ՝ թունավորվում, քայքայվում, բզկտվում է ՀՀ բնության լավագույն և գերակշիռ մասը;
• թունավորված հողերն ու ջրային ռեսուրսները, տեղում կուտակված ահռելի քանակության թունավոր թափոնները խիստ վտանգավոր են մեր սերունդների համար՝ հարյուրավոր տարիներ շարունակ: 
Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ լիդիանի ԲՓ-35 եզրակացությունն ԱՊՕՐԻՆԻ է, քանի որ այն կայացել է թաքցրած էկո-ռիսկերի պայմաններում՝ կորրուպցիոն գործարքի միջոցով: Հետևաբար ապօրինի է նաև ապօրինի հիմքի վրա կազմված ընդերք-օգտագործման իրավունքը, որպես կորրուպցիոն գործարքի հետևանք, որը ոչ մի հիմնավոր փաստարկի չի դիմանում:
ՀՀ պատասխանատու քաղաքացիները մերժում են կեղծ, կեղտոտ ու թունավոր՝ երկիրը քայքայող ներդրումները:
 
Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա ՀԿ նախագահ՝ Սրբուհի Հարությունյան  
Էկո-փորձաքննության խորհրդատու  
 
Սկզբնաղբյուրներ
1. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպո, Ֆինլանդիա)
2. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Էկոլոգիական տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Աարհուս, Դանիա)
3. ՀՀ օրենքը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին
4. Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք
5. ԲՓ-35 փորձաքննական եզրակացություն, 2016-4-29. ՀՀ բնապահպան նախարար Ա.Գրիգորյան
6. Հայկական լեռնաշխարհի ֆիզիկական քարտեզ https://www.cadastre.am/atlasA-14,15 
7. Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք https://www.lydianarmenia.am/ 
8. Հոդված <Թեղուտի անիծյալ հետևանքը> https://mamul.am/am/news/160500, 2019-9-16 
9. Հոդված <Ամուլ սարի շահագործման պաթոլոգիան> https://www.lragir.am/2019/08/24/469705/ 2019-8-24, կամ՝ https://www.aravot.am/2019/08/25/1062234/ 2019-8-25.
10. Հոդված <Ջրել, ոռոգել անտառները նախօրոք> https://www.lragir.am/2019/07/30/463890/, 2019-7-30. կամ՝ https://www.aravot.am/2019/07/30/1058281/,2019-7-30, 
11. Հոդված <Լեռների օրենքով> https://www.lragir.am/2019/05/21/444954/, 2019-5-21.
 
 
 
 
 
 
                                                   
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն