Տավուշի մարզի 2 համայնքի ղեկավարներ հրաժարական էին ներկայացրել. նրանցից մեկը փոշմանել է


Տավուշի մարզի 2 համայնքի ղեկավարներ հրաժարական էին ներկայացրել. նրանցից մեկը փոշմանել է

  • 16-01-2020 15:27:18   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ-ի տեղեկություններով Տավուշի մարզի Ենոքավան եւ Բերքաբեր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմում են ներկայացրել:
 
Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանը մեր զրույցում հաստատեց տեղեկատությունը, սակայն նշեց, որ այսօր արդեն հետ է վերցրել այն: Բերքաբեր համայնքի ղեկավար Արգամ Արզումանյանը նշեց, որ դիմումը ներկայացրել է ուրբաթ օրը:
 
«Պատճառը անձնական խնդիրներն են: Ես համարում եմ, որ իմ միսիան կատարել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: Հարցին, թե ո՞րն էր իր միսիան՝ Արզումանյանը պատասխանեց, որ իր առջեւ համայնքի զարգացման հետ կապված նպատակներ էր դրել, որոնք համարում է իրականացրած:
 
Հարցին՝ հնարավո՞ր է նոր աշխատանքի առաջարկ ունեք՝ գյուղապետը պատասխանեց, որ իր համար օրերի հարց է աշխատանք գտնելը: Նշենք, որ Արզումանյանը նոր տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ինժեներ է: Մեր տեղեկություններով նրա ընտանիքը ՌԴ-ում բիզնես ունի, որով էլ պատրաստվում է զբաղվել գյուղապետը: Հարցրեցինք՝ չէ՞ր ստացվում համատեղել գյուղապետի պաշտոնը մասնագիտական զբաղվածության հետ՝ Արզումանյանը պատասխանեց. «Ոչ, ես գյուղապետ աշխատելիս ժամանակ չեմ ունեցել, եթե ունենայի՝ միգուցե հրաժարական չտայի»:
 
Ըստ մեր տեղեկությունների՝ գյուղապետերի հրաժարականի պատճառը ցածր աշխատավարձն է: Եթե նախկինում նրանք կարողացել են հավելյալ եկամուտ ունենալ, հեղափոխությունից հետո դա անհնար է: Այս տեղեկությունը Արզումանյանը հերքեց. «Գիտեք, գյուղապետերը դեռ մի բան էլ իրենց աշխատավարձից են ծախսում համայնքի վրա: Ես ապահովված եմ, գումարի խնդիր չունեմ»:
 
Ենոքավան համայնքի ղեկավար Անդրանիկ Չիբուխչյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր հրաժարականի պատճառը եւ ինչո՞ւ է հետ վերցրել դիմումը: Նա ասաց, որ եւ՛ ինքն է փոշմանել եւ՛ ավագանին է մերժել իր դիմումը, ուստի այսօրվանից կրկին աշխատանքի մեջ է: Գյուղապետը վստահեցրեց, որ հրաժարականի պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին, հետազոտվել է ու պարզվել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է: 
 
Աշխատավարձը որեւէ կապ չունե՞ր ձեր հրաժարականի հետ՝ հարցրեցինք գյուղապետին. «Չէ, ինչի՞ մասին ենք խոսում, վերջը մեր հայրենիքի համար ենք անում, աշխատավարձը ո՞րն է բայց»,- պատասխանեց նա: Մեր նկատառմանը, թե ապրելու համար աշխատավարձ է պետք՝ գյուղապետը պատասխանեց, որ ինքն արտասահմանում եղբայր ունի՝ իրեն պահում են: 
 
Չիբուխչյանը տեղեկացրեց, որ «կեղտոտ» աշխատավարձը 120 հազար դրամ է, ինքը ստանում է 90 հազար 200 դրամ, որը պայմանավորված է համայնքի ունեցած փոքր բյուջեով: «Ընդամենը 12 միլիոնանոց բյուջե է»,- ընդգծեց նա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը