Արտոնություն է տրամադրվել ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը


Արտոնություն է տրամադրվել ձիթապտղի վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությանը

  • 16-01-2020 16:47:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Գործադիրը փոփոխություն է կատարել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվության վերաբերյալ որոշման մեջ:  2002 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում: 
 
Այլ որոշումներ
 
Կառավարության որոշմամբ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:
 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքի համայնքային սեփականություն հանդիսացող 112.0 հա ընդհանուր մակերեսով 28 միավոր գյուղատնտեսական նշանակության հողամասերն տրամադրել համայնքի բնակիչներին՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով:  Հիմնավորման համաձայն՝ համայնքի բնակիչները, ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից, մտավախություն ունեն, որ մրցույթով տրամադրելու դեպքում իրենք չեն կարող հաղթել: Հողամասերը տրամադրվել են պտղատու այգիներ հիմնելու նպատակով, որը որպես պարտադիր պայման կամրագրվի վարձակալության տրամադրման պայմանագրում: Արդյունքում՝ համայնքի հողերը կօգտագործվեն  արդյունավետ, ինչը կնպաստի համայնքի բնակիչների  սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն