Հանքը վնասել է բնությանը՝ ոչ մի օգուտ չտալով տեղի բնակչությանը․ նրանք ամենացածր աշխատավարձերով էին աշխատում․ Ստեփանավանի ղեկավար


Հանքը վնասել է բնությանը՝ ոչ մի օգուտ չտալով տեղի բնակչությանը․ նրանք ամենացածր աշխատավարձերով էին աշխատում․ Ստեփանավանի ղեկավար

  • 16-01-2020 18:17:19   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

infocom.am Ես յոթ տարի է՝ Ստեփանավանի ղեկավարն եմ, վարչական շրջանում գտնվող Արմանիսի ոսկու հանքը ոչ մի հարցով չի աջակցել մեզ, ոչ մի օգուտ չի տվել համայնքին։ Այս մասին այսօր նշել է Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը։
 
«Անընդհատ վիճաբանության մեջ էինք, որովհետև իրենք համայնքի և սեփական հողերն օգտագործել են իրենց կարիքների համար, պոչամբարները լրիվ թափել են որտեղ որ իրենց հարմար ա եղել՝ ընդհանրապես ոչ մի աջակցություն չցուցաբերելով համայնքին»,- ասել է նա։
 
Ղարաքեշիշյանը նաև նշել է, որ հանքն այս տարիների ընթացքում գտագործած հողերի հարկերն ու տուրքերը չի վճարել, հողերի նշանակությունը չի փոխել։
 
«250-300 մլն հարկատեսակ պիտի փոխանցեին համայնքին, չեն արել։ Շինությունների և հողերի շատ մասը անօրինական ա, ոչ մի գրանցում չունի, հողերն օգտագործել են, ոնց ուզել են։ Կարող եք գնալ, տեսնել, թե էդ տարածքը ինչ են դարձրել։ Ես մտածում եմ, որ էդտեղից ոչ մի օգուտ բնակչությանը չկա, չի էլ եղել։ Էդ հանքը նման կարգի օգտագործելը բացի վնասը ուրիշ բան չի տվել»,- ասել է նա։
 
Ստեփանավանի ղեկավարի խոսքերով՝ վնաս է տրվել նաև բնությանը, քանի որ կեղտոտ հողաջրերը թափվում էին գետը, և ամբողջ տարածքը սողանք է դարձել։
 
«Դիմել ենք Կառավարությանը, գործ ա հարուցված իրանց մասով։ Մենք նաև փորձել ենք իրենց հրավիրել, կարգապահական տույժի ենթարկել, բայց ոչ մի ձև չեն ուզում մեզ հետ համագործակցել, արհամարհական վերաբերմունք է»,- նշել է Ղարաքեշիշյանը՝ ավելացնելով՝ ընկերությունը կարծես գաղտնի գործակալություն լինի։
 
«Ոչ մի ստույգ տեղեկություն չեն կարողանում իմանալ դրա մասին, տասիուկես ղեկավար ա փոխվում, մինչև սկսում ենք շփվել մեկի հետ, մյուսն ա գալիս։
 
Հանքը ոչ մի օգուտ չի տվել բնակչությանը, որովհետև այնտեղ աշխատած տեղի բնակիչները ամենացածր աշխատավարձերով էին աշխատում՝ երևի մոտ 80-90 հազար»,- ասել է Ստեփանավանի ղեկավարը։ Բնակիչներից մեկն էլ ավելացրել՝ 60 հազար։
 
Նշենք, որ Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործում էր «Սագամար» ՓԲԸ-ն, որը  մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ուներ, սակայն արդյունահանման աշխատանքները 2015-ից դադարեցված են:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը