ՀՔԱՎ։ ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը անհրաժեշտ է համապատասխանեցնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող չափանիշներին և միջազգային լավագույն փորձին


ՀՔԱՎ։ ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը անհրաժեշտ է համապատասխանեցնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող չափանիշներին և միջազգային լավագույն փորձին

  • 17-01-2020 11:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը և գործող ՀՀ քրեական օրենսգրքի խնդրահարույց դրույթները՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ճանաչված միջազգային չափորոշիչներն ու լավագույն միջազգային փորձը։ 
 
Քրեական պատասխանատվության սահմանումը դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար
 
Կազմակերպությունը դրական է գնահատում Նախագծում առկա որոշ մոտեցումներ, որոնք արտացոլում են ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես՝ խոշտանգման հանցատեսակի համար վաղեմության ժամկետների  վերացումը։ Ձևավորված և ճանաչված իրավական տրամաբանությունն այն է, որ խոշտանգման համար պատասխանատու պաշտոնատար անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի։ 
 
ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը բացասական է այն մոտեցման հանդեպ, որով Նախագծի հեղինակներն անուշադրության են արժանացնում մարդու իրավունքների միջազգային իրավունքում (IHRL) ձևավորված իրավական դիրքորոշումները։ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելման վերաբերյալ միջազգային ստանդարտները լիարժեք ապահովելու համար խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով Հատուկ զեկուցողը խստորեն հորդորում է, որ պատասխանատու մարմիններն անհապաղ ձեռնարկեն միջոցներ՝ ուղղված Քրեական օրենսգրքի փոփոխմանը, որպեսզի քրեականացվեն «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» 1-ին և 16-րդ հոդվածներով նախատեսված գործողություններն ամբողջությամբ։  Հիշեցնենք՝ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքին (…):
Կազմակերպությունն առաջարկում է Նախագծով սահմանել քրեական պատասխանատվություն՝ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի համար։ 
 
Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների  որակումը՝ որպես սահմանադրական  կարգի հիմունքների, ժողովրդավարության  և պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ 
Ներպետական և միջազգային նորմերի համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ընտրություններն այս առումով ելակետային դեր են կատարում իշխանության ձևավորման և հետագա վերահսկման համար։ Պարբերական և իրական ընտրությունների միջոցով ազատ և արդար կերպով արտահայտված ժողովրդի կամքը բոլոր կառավարությունների իրավասության և լեգիտիմության հիմքն է:  
 
Ընտրական հանցագործությունների հանրային վտանգավորությունը մեծապես պայմանավորված է այն փաստով, որ ուղղակիորեն կամ ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու՝ քաղաքացիների իրավունքների սահմանափակումը կամ զրկումը խոչընդոտում է իրավական ժողովրդավարական պետության ստեղծմանը: Ուսումնասիրության առարկա են դարձել նաև  ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները և դրանց պատժատեսակները։  
 
Քանի որ ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները խախտում են սահմանադրականկարգի ու հիմունքների և պետության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշմամբ՝ ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները պետք է որակվեն որպես հանցագործություններ՝  ուղղված  սահմանադրական կարգի հիմունքների, ժողովրդավարության և պետության անվտանգության դեմ։  
 
Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՔԱՎ գրասենյակն առաջարկում է, ի թիվս այլոց, սահմանել նոր պատժատեսակ՝ ընտրություններում թեկնածու առաջադրվելու իրավունքից զրկելը։ 
 
Փաստաթուղթն ամբողջությամբ`  ԱՅՍՏԵՂ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն