Պուտինը Սերժի սխալը չի անի. Մենք Նիկոլին պահելով բրդում ենք առաջ

17-01-2020 11:25:51   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am  զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
 


Պարոն Շիրինյան, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց կառավարությունը ցրելու և սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին։ Փորձում են ՀՀ նախկին իշխանությունների սցենարով գնալ և հավերժացնե՞լ իրենց իշխանությունը։
 
Անշուշտ, կրկնում են նույն մոդելը։ Երկուսն էլ ճգնաժամային իրավիճակում են. մեկը փորձեց, վիզը ջարդեց, մյուսն էլ փորձում է սխալն ու ճիշտը հաշվի առնելով, ավելի հաջող անցում անել։ Ես վստահ եմ, որ ժամանակին այդ մոդելը Ռուսաստանը փորձարկում էր Հայաստանում, և այդ փորձի ժամանակ Սերժին էլ վարի տվեց։ Հիմա իրենք Սերժի սխալը չեն անի։
 
Այսինքն՝ Պուտինն իրեն փոխարինողի հա՞րցն է լուծում, թե հենց իր հարցն է լուծում։
 
Հենց իր հարցն է լուծում։ Փաստորեն Պուտինը 4 անգամ եղել է նախագահ։ Առաջին երկու անգամից հետո ֆոկուս արեց, Մեդվեդևի հետ պաշտոններով փոխվեցին, հետո նորից երկու ժամկետ նախագահ դարձավ։ Հիմա պետական խորհուրդ են ստեղծում,
ինքը կդառնա դրա նախագահ, մնացած պաշտոններն էլ աջ ու ձախ կտեղաբաշխի։
 
Այդ պլանը Հայաստանում ձախողվեց, Ռուսաստանում այն հաջողելու շանս ունի՞։
 
Այնտեղ չեն թողնի, որ Փաշինյանի նման ֆիգուր հայտնվի։ Չմոռանանք, որ այստեղ դա հանկարծակի եղավ։ Քաղաքական այս պայքարի մոդելը նորույթ է ԿԳԲ-ականների համար, իրենց թվում էր, որ թվեր խփելով կարող են հասնել իրենց նպատակին, բայց չստացվեց։ Հիմա Ռուսաստանը աչքի առաջ ունի Հայաստանի փորձը, դասեր են քաղել։ Հետո Հայաստանի պարագայում իշխանության նստածները քաղաքական գիտությունից հեռու մարդիկ էին, զբաղված էին ղումար խաղալով, խորոված ուտելով, խնամի-ծանոթ համակարգով ղեկավարելով։ Հիմա ռուսները մի փոքր այլ ձև են անում, պետական խորհուրդ են ստեղծում, որը ես ժամանակին առաջարկել էի, երբ ճգնաժամային իրավիճակ էր։ Ճգնաժամային իրավիճակներում դա շատ արդյունավետ կառավարման միջոց կարող է լինել։ Հիմա Պուտինը դա է անում։ Սոցիալիստական երկրներում ժամանակին պետական խորհուրդներ կային, որը կենտրոնացնում էր իշխանությունը, հիմա այդպես էլ անելու են։ Այս ամենը Պուտինի համար է արվում, և երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական օլիգարխիան իր առաջնորդին չի փոխում, փոխում է երկրի վիճակը։ Ոչ թե իրենք են հարմարվում երկրին, այլ երկիրն են հարմարեցնում իրենց։
 
Ինձ թվում է՝ այդ անցումը կապահովեն, բայց մի բան պարզ է, որ պուտինյան դարաշրջանը վերջացավ։ Ռուսաստանում իրավիճակը ճգնաժամային է։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, վերջին 6-7 տարիներին Ռուսաստանը կայուն տնտեսական անկում ունի։ Հիմա պետք է Պուտինը հրաժարական տար իր ռազմավարության համար, բայց հիմա զոհում է վարչապետին և կառավարությանը։ Սա նախագահական համակարգի արատն է, նախագահական համակարգը Հայաստանը բերեց հեղափոխության, իսկ այնտեղ կառավարության անսպասելի փոփոխության։
 
Սրանով Պուտինին չի՞ հաջողվի լուծել ճգնաժամը։
 
Ոչ, Ռուսաստանի ճգնաժամը լուծել չի լինի, եթե երկիրը չդեմոկրատանա։ Իսկ այստեղ էլ հարց կա, թե ընդհանրապես, Ռուսաստանն ի վիճակի՞ է դեմոկրատանալու, թե ոչ, որովհետև մշակույթի իմաստով դա անհասանելի մի բան է։ Երկրորդ, ռուսները պետք է անգլիացիներից մի բան սովորեն. Անգլիան Չերչիլի ժամանակ հրաժարվեց գաղութներից, գաղութատիրությունից և կայսերական նկրտումներից, այսօր ռուսները պատրա՞ստ են նման քայլի։ Այսինքն՝ բաներ կան, որ արմատական փոփոխությունների պետք է ենթարկվի, որպեսզի հաղթահարեն ճգնաժամը։ Բացի այդ, դեմոգրաֆիայի հարցը, բնակչության աճի հարցը ոնց են լուծելու։ Մեզ մոտ աճի հարցը լուծում են ծննդատները փակելով, երեխա չունենալով, այսինքն ոչնչացման ճանապարհ են բռնել։ Ռուսաստանում էլ հարց է, թե ինչպես են բնակեցնելու Ուրալից արևելք ընկած հատվածը։ Չինացիները գալիս են աշխատելու, ռուս աղջիկներից երեխա են ունենում, դրանից էլ դեմոգրաֆիկական վիճակը փոխվում է, առաջանում է ռուսաչինացի։ Պետք է հասկանալ, որ ազգը վերջացավ, ամեն ինչ վերջանում է առանց կռիվ։ Հիմա Ռուսաստանը ոնց է կարողանալու այդ պրոցեսները կանգնեցնել։ Դրա համար որոշ ռեֆորմներ կանեն։
 
Իրենք մի ճանապարհ ունեն՝ ստոլիպինյան ռեֆորմներ, ինչը արեց ցարը 1910 թվականին։ Բայց Ռուսաստանում, սովորաբար, հենց 5 տոկոսանոց հաջողություն են ունենում, պրոցեսը կանգնեցնում են ու վերադառնում ընկեր Ստալինին։ Եթե ստոլիպինյան ռեֆորմներ անեն, հաջողություն կունենան, կդառնան բարգավաճ պետություն։ Բայց Պուտինից Ստոլիպինի հոտ չի գալիս, Պուտինից գալիս է Ստալինի հոտը։ Երբ վերլուծում ենք ցանկացած ժողովրդի իր մշակութային ավանդույթների մեջ, այնտեղ բոլոր լուծումները գտնում ենք։ Օրինակ, մենք ունեինք բդեշխներ ու հայրենադավ վերնախավ՝ ծախված և որկրամոլ։ Առաջ թուրքական ոսկին էին սիրում, հիմա ամերիկյան դոլարի
համար են հոգի տալիս։ Ժողովրդի մեջ էլ ունեինք իսկական հավատարիմ ժողովուրդ, որ դարերով իր հայրենիքը պահում է՝ վատ ապրելով։ Հիմա լուծումները մշակույթի մեջ են, եթե այդ մշակույթի մեջ կգտնենք լուծումներ, հարցը կլուծվի, եթե ոչ՝ այդպես կշարունակվի։ Նաև մամուլն է այդ մշակույթի մեջ. հիշո՞ւմ եք Նար-Դոսի անգերազանցելի նովելները, որ կոշիկը ծակ գրականություն էր ստեղծում, մյուս կողմից կա տղամարդու հատկանիշ չունեցող Մանվել, որովհետև եթե բռնվել ես, պետք է դատվես։ Իսկ մերոնք հենց բռնվում են, հիվանդանում են, չեն կարող դատվել, խցում նստել, պետք է գնան Եվրոպա բուժման։ Այդպիսի երկու տարբեր Հայաստաններ ունենք՝ մեկը օտարի ծառա, մյուսը՝ հայրենիքին կպած։
 
Բայց մենք հաղթահարում ենք դա, Նիկոլ Փաշինյանն իր սխալները, թերությունները ուղղում է, մենք էլ Նիկոլին պահելով բրդում ենք առաջ, դեպի նոր Հայաստան։ Մենք իսկական խորհրդարանական հանրապետություն կստեղծենք, ոչ թե այս սերժական նախագահականը, որին հագցրել են պառլամենտական շորեր։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 842 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար