Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը պատշաճ կերպով չեն վերլուծվում. Արման Թաթոյան

17-01-2020 12:44:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը պատշաճ վերլուծության չեն ենթարկվում, հատկապես՝ ինքնասպանությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում դատապարտյալի և կալանավորի մահվան դեպքերին:
 


Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ մահվան յուրաքանչյուր դեպք ցավալի է՝ հատկապես քրեակատարողական հիմնարկում, որտեղ պետությունն ունի անձի կյանքի երաշխավորման պոզիտիվ պարտավորություն:
 
«Յուրաքանչյուր դեպքով նախաձեռնել ենք վարույթ: Մի համակարգային կարևորագույն հարց կա: Այդքան դրա մասին խոսում եմ, բայց, ցավոք, խնդիրը շարունակում է մնալ արդիական: Մահվան դեպքերը` կլինեն ինքնասպանություն, թե հիվանդության հետևանքով,
պատշաճ վերլուծության չեն ենթարկվում, հատկապես՝ ինքնասպանությունները: Առավելապես սահմանափակվում է հարցը անհատական դեպքերը քննելով, և վերջ: Մինչդեռ պետք է մանրամասն ուսումնասիրություններ կատարել` պատճառները վերլուծվեն, պայմանները վեր հանվեն, համակարգային կանխարգելման միջոցներ ձեռնարկվեն: Սա է կարևորագույն խնդիրը: Իսկ մեզ մոտ, ցավոք, ամեն ինչ ընթանում է անհատական մակարդակում: Դրա համար էլ արդյունավետ կանխարգելման միջոցները շարունակում են մնալ ոչ բավարար մակարդակի»,- ընդգծեց Թաթոյանը:
 
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` իրենց կառույցը շարունակում է այդ ուղղությամբ աշխատել, որքանով իրենց իրավասությունն է բավարարում, որպեսզի նպաստեն այդ դեպքերի կանխարգելմանը: 
 
Անդրադառնալով ՔԿՀ-ներում կալանավորի և դատապարտյալի մահվան դեպքերին, Թաթոյանն ասաց, որ անմիջապես պարզաբանումներ են պահանջել Արդարադատության նախարարությունից, քննչական մարմիններից:
 
«Այս պահին չունենք պատասխանները, բայց, իհարկե, մենք նույնպես ուսումնասիրությունները շարունակելու ենք, որպեսզի շարունակենք այդ կանխարգելիչ աշխատանքները»,- եզրափակեց Թաթոյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 506 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար