Պայմանագրային գումարը հաշվարկվում է շահառուների թվի համամասնությամբ.ԱՆ


Պայմանագրային գումարը հաշվարկվում է շահառուների թվի համամասնությամբ.ԱՆ

  • 17-01-2020 16:42:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կրկին անդրադառնանք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական  է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:
 
Իսկ հիմա խոսենք փաստերով`
 
Ապատեղեկատվություն 3. Նախարարը մեկ ու կես տարի առաջ կարծում էր. «Սիսիանի ԲԿ-ում տարեկան անհետաձգելի բուժօգնության բյուջեն 2.5 մլն դրամ է, դա նշանակում է, որ ամսական 1 հիվանդ կարող են ընդունել անհետաձգելի դեպքով, իսկ Երևանում կա բուժհիմնարկ, որ 5 մլրդ է ստանում»: Այսօր պարզվում է, որ Երևանում տեղակայված թվով 10 բուժկենտրոնների բյուջեն ավելի շատ է մեծացել, քան Սիսիանի հիվանդանոցի տարեկան բյուջեն է: Ըստ որում` այդ 10 բուժկենտրոնները միասին յուրացնում են պետբյուջեից հատկացված միջոցների մոտ 1/3-րդը: 
 
Գումարների բաշխման այս պատկերից ստացվում է, որ պետությունն ավելի շատ հոգ է տանում մայրաքաղաքի բնակիչների առողջության մասին, իսկ մարզաբնակները մնում են անտեսված: 
 
Պատասխան. «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն 2019 թվականին «անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ունեցել է 7,029,483 դրամ պայմանագրային գումար, իսկ փաստացի կատարել և ներկայացրել է փոխհատուցման  6,751,400 դրամի աշխատանք: Հետևաբար, վերոգրյալից ակնառու է, որ ծառայությունների մատուցման համար գումարի պակաս չի եղել:
 
Ի դեպ, պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության համար տարածքային սահմանափակումներ չկան, ավելին, ուղեգրումներն իրականացվում են չուղղորդված՝ (ուղեգրում չի նշվում ուղեգրվող կազմակերպությունը)  քաղաքացին ինքն է ընտրում կազմակերպությունը: Երևանի բժշկական կենտրոններում պետական պատվերով բուժվող հիվանդների գրեթե 30%-ը մարզային կազմակերպություններից ուղեգրված հիվանդներ են: Հետևաբար, տարանջատել  մայրաքաղաքային և մարզային բնակիչներին անտրամաբանական է:
 
Ինչ վերաբերում է նեղ մասնագիտական ծառայություններին, «խիստ անհամաչափ ֆինանասավորմանը», ապա պետական պատվերով բուժծառայությունների համար գումարների տրամադրումը թիրախային է, իրականացվում է ըստ ծրագրերի և այն պետք է դիտարկվի առանձին ծառայությունների և ծրագրերի շրջանակում:
 
Օրինակ՝ 2019 թվականին հուլիսից ավելացել է «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի հատկացված գումարը` 1,750,000.0 դրամով, ինչը պայմանավորված է շահառուների թվի ավելացմամբ: Ներկայումս, այս ծրագրով բժշկական օգնություն են ստանում մինչև 18 տարեկան երեխաները:
 
Զուգահեռաբար ունեցել ենք հատկացումների ավելացում «Ուռուցքաբանական ծառայությունների» մասով՝ շուրջ 900,000.0 դրամ, ինչն ուղղվել է վիրահատական միջամտությունների գների գրեթե 25-30% ավելացմանը, ճառագայթային բուժումը համավճարային սկզբունքից ամբողջովին պետական պատվերով փոխհատուցման անցմանը և պետական պատվերով իրականացրած դեպքերի փոխհատուցման դեֆիցիտի փակմանը:
 
Այսպես կարելի է թվարկել ֆինանսական հոսքերի ավելացումների շարունակականությունը բժշկական ծառայությունների ծավալի, գների, շահառուների շրջանակների ընդլայնման հետ կապված: Հետևաբար անհրաժեշտ է յուրաքանչյուր ֆինանասական հատկացման ծախսարդյունավետության համեմատությունը կատարել տվյալ ծրագրի սահմաններում:
Անհրաժեշտ է նշել, որ պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաշվարկները կարգավորվում են ոլորտում գործող իրավական ակտերով և յուրաքանչյուր ծրագիր ունի իր հաշվարկի առանձնահատկությունը, այսպես` առողջության առաջնային պահպանման ծառայությունների մասով պետական պատվերի գումարը հաշվարկվում է ըստ մարդաշնչի, հաշվարկի համար հիմք են հանդիսանում էլեկտրոնային առողջապահության համակարգում  կազմակերպության կողմից ներկայացված տվյալները: Տվյալ դեպքում «կամայականության» մասին խոսելը անհասկանալի է: Ինչ վերաբերվում է  հիվանդանոցային ծառայությունների մասով պայմանագրային գումարների հաշվարկմանը, ապա հաշվի են առնվում նախորդ տարում պետական պատվերով փաստացի կատարված աշխատանքի դիմաց ֆինանասավորված գումարները:
 
Առողջապահության նախարարությունը մարզերում նեղ մասնագիտական ծառայությունների ընդլայնման մասով իրականացնում է շարունակական աշխատանքներ, որի համատեքստում 2019 թվականին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ծավալվել է սրտի ինտերվենցիոն ծառայություն և արդեն իսկ պետական պատվերի սահմաններում իրականացվել է 336 դեպք: 
 
Ինչ վերաբերում է «շտապօգնության դեպքում մայրաքաղաքի 1 բնակչի հաշվով պետությունը հատկացնում է 2,5 անգամ շատ գումար, քան Գեղարքունիքի մարզում» ձևակերպմանը, ապա նշենք, որ «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պայմանագրային գումարների հաշվարկներն իրականացվում են սպասարկվող բնակչության թվաքանակի և տարվա կտրվածքով մեկ բնակչի հաշվով հատկացվող միջինացված գումարի արտադրյալով: Երևանի համար 1,563.0 դրամ է, իսկ օրինակ Գեղարքունիքի մարզի   «Մարտունու ԲԿ» ՊՓԲԸ-ում սպասարկող տարածքի համար գործում է 1,013.0 դրամ միջինացված գին, Ճամբարակի ԱԿ ՊՓԲԸ- մասով՝ 1,335.0դրամ, այսինքն` ընդամենը շուրջ 25% է Երևանի համար նախատեսած գինը գերազանցում Գեղարքունիքի մարզում գործող գնից, որը պայմանավորված է սպասարկող նեղ մասնագիտական բրիգադների առկայությամբ:
 
Մարդաշնչով հաշվարկել ծննդօգնության ֆինանսավորումը, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ այս ծրագրում պետական պատվերով փոխհատուցումն իրականացվում է փաստացի ծնունդների քանակով, միևնույն ժամանակ` բարդացած ծնունդները մարզերից ուղեգրվում են մայրաքաղաքում տեղակայված երրորդ մակարդակի մանկաբարձական ծառայություններ իրականացնող կազմակերպություններ: Ընդ որում, ծննդօգնության բժշկական ծառայությունների գները դիֆերենցված են բարդության աստիճաններով և հանրապետության բոլոր կազմակերպություններում գործում եմ նույն դիֆերենցված գները:
 
Մանկական ստոմատոլոգիայի մասով պետք է արձանագրել, որ պետական պատվերը տեղադրվում է կազմակերպությունների կողմից ամենամյա հայտերի ներկայացման միջոցով: Փաստենք, որ մանկական ծառայության մասով լիցենզիայի  առկայության դեպքում երբևէ մերժում չի արձանագրվել:
 
«Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» պայմանագրային գումարը` ըստ Երևանի և ըստ մարզերի, հաշվարկվում է շահառուների թվի համամասնությամբ, հետևաբար կամայական մոտեցում չի կարող լինել:
Անդրադառնանք նաև «յուրացում» հասկացությանը, որն ընկալվում է որպես մեղադրանք, այսինքն` հատկացված միջոցները ոչ նպատակային օգտագործելու իմաստով: Ասվածն իրականությանը չի համապատասխանում և նման ձևակերպումը պահանջում է հիմնավորում: Առաջարկում ենք զերծ մնալ ոչ պատշաճ արտահայտություններից, քանզի դրանք կարող են ունենալ իրավական հետևանքներ:
 
Շարունակելի...
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն