Ցավալի հարված Սերժ Սարգսյանին. ժամանակը մոտենու՞մ է

20-01-2020 18:07:06   | Հայաստան  |  Վերլուծություն
Ես խնդրում եմ, ինձ հանգիստ թողեք հա՞, կգա ժամանակը՝ ինչ հարցի կուզեք, կպատասխանեմ, ասել է Սերժ Սարգսյանը ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ընթացքում իրեն հարցերով մոտեցած լրագրողներին:
 


Գեորգի Կուտոյանի մահը Հայաստանի հանրության տարբեր շրջանակներում առաջացրել է ամենատարբեր վարկածներ ու մեկնաբանություններ, այդ թվում ծայրահեղ, երբեմն աներեւակայելի, միաժամանակ նաեւ տարածված բավականին դյուրին մտավարժանքներով, թե ում եւ ինչի համար կարող էր ձեռնտու լինել ԱԱԾ նախկին պետի մահը:
 
Գեորգի Կուտոյանի մահը թերեւս ցավալի հարված է Սերժ Սարգսյանին, հաշվի առնելով հանգամանքը, որ Կուտոյանը դիտարկվում է նրա ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Իսկ այն, որ դա հենց այդպես է, վկայեց երիտասարդ գործչի նշանակումը ԱԱԾ պետի կարեւորագույն պաշտոնում, ընդ որում պետության համար թե ներքին, թե արտաքին իրողությունների վճռորոշ,
ճակատագրական մի շրջափուլում: Ավելին, այդ նշանակման հանգամանքն այնքան կարեւոր էր Սերժ Սարգսյանի համար, որ այն զերծ էր պահվել մամուլի տարատեսակ արտահոսքերից, որպիսիք լինում էին կադրային նշանակումների առնչությամբ:
 
Ավելին, նշանակման քաղաքական խորհրդանշականությունն ընդգծվեց նրանով, որ Սերժ Սարգսյանը դա զուգորդել էր նոր քաղաքական իրավիճակի առնչությամբ ծրագրային ելույթով: Թե իշխանական ամբողջ համակարգի առաջ նախագահի նստավայրում հնչած ելույթը, թե ԱԱԾ պետի նշանակման հրամանագիրը տեղի ունեցան 2016 թ. փետրվարի 12-ին:
 
Սերժ Սարգսյանի այդ ելույթը հետաքրքիր էր մի շարք շեշտադրումներով, այդ թվում Հայաստանի ինքնիշխանության շուրջ ներքաղաքական կոնսենսուսի անհրաժեշտության բարձրաձայնումով:
 
Հետո արդեն, 2016-ի ընթացքում պետք է տեղի ունենային Հայաստանի համար վճռորոշ զարգացումներ, որոնցից մեկը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, գործնականում պետք է դառնար պատերազմ Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար:
 
Այդ ժամանակաշրջանի առնչությամբ գնահատականներն էլ ամենատարբեր են, սակայն ընդգրկուն եւ դրամատիզմով ու նաեւ ողբերգականությամբ լեցուն այդ շրջափուլում ԱԱԾ ղեկավարի պաշտոնը երիտասարդ գործչի վստահելը խոսում էր Սերժ Սարգսյանի համար նրա կարեւորության
մասին: Այդ իմաստով, Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը փաստացի հարված է նաեւ Սերժ Սարգսյանին:
 
Նրա հուղարկավորությանը Սարգսյանի՝ լրագրողներին պատասխանը նշանային է: Մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանն ազդարարեց, որ մոտենում է քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակը: Գեորգի Կուտոյանի մահը Սերժ Սարգսյանի համար այդ առումով արագացնու՞մ է ժամանակի ընթացքը, թե՞ հակառակը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 684 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար