Հույս ունեմ, որ այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածն իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին. Արման Բաբաջանյան


Հույս ունեմ, որ այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածն իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին. Արման Բաբաջանյան

  • 21-01-2020 14:43:02   | Հայաստան  |  Հասարակություն

Ես հույս ունեմ, որ այդ ուժի կազմում գտնվող ողջամիտ հատվածն իր մեջ ուժ կգտնի գնահատական տալու տեղի ունեցածին: 
 
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև հունվարի 21-ին տեղի ունեցած քաշքշուկին: 
 
Հիշեցնենք, որ այսօր քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը կառավարությանը խորհուրդ տվեց պայքարել նաև «գողական» բառի հետ կապված 3 տառից բաղկացած հասկացության դեմ, որին ի պատասխան՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հորդորեց խմբակցության անդամներին ներողություն խնդրել իրենց գործընկերոջ ելույթի համար, իսկ ԱԺ նախագահին խնդրեց համապատասխան քայլեր ձեռնարկել պատգամավորի նկատմամբ: 
 
Արման Բաբաջանյանի ելույթից հետո լեզվակռիվ և քաշքշուկ տեղի ունեցավ պատգամավորների միջև, իսկ ԱԺ նախագահը ստիպված եղավ կարգապահական միջոցներ ձեռնարկել ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ: 
 
Ըստ Ա. Բաբաջանյանի՝  Գևորգ Պետրոսյանի ելույթի վերջնամասը լսելուց հետո նիստերի դահլիճում գտնվող յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր, ով պատվիրակված է խորհրդարանում ներկայացնելու պետության շահը, առնվազն պետք է անարձագանք չթողներ այդ ելույթը և դրա բովանդակային մասը: 
 
«Հեռու եմ այն մտքից, որ Գևորգ Պետրոսյանը կարող էր կոնկրետ անձի նկատի ունենալ, իմ վերաբերմունքն էլ առհասարակ երևույթին է ուղղված և այն մտայնությանը, որը գերակշռող է «Բարգավաճ Հայաստան»-ում: Բայց ես հույս ունեմ, որ այդ աշխարհընկալումը, այդ աշխարհայացքը, այնուամենայնիվ, դոմինանտ չէ»,- ընդգծեց անկախ պատգամավորը: 
 
Նրա փոխանցմամբ՝ իր տեղը զբաղեցնելիս ԲՀԿ-ական պատգամավորը բարձր տոնով է խոսել իր հետ, ինքն էլ համարժեք պատասխան է տվել նույն տոնայնության մեջ. 
 
«Որևէ մեկի մտքով չանցնի, որ ես՝ լինելով անկախ պատգամավոր որևէ ձևով, որևէ պարագային կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ մտածում եմ, և պնդելու ու հետապնդելու Հայաստանի քաղաքացու, պետության շահը: Այնպես որ, եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ և կաշկանդված եմ լինելու և չեմ ասելու իմ ասելիքը և չեմ կարողանալու պաշտպանել այն դահլիճում և դահլիճից դուրս, նրանք չարաչար սխալվում են»: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն